Հայաստանի և Արցախի շուրջ ռազմաքաղաքական իրադրությունը գնալով բարդանում է. Տիգրան Աբրահամյան
Ակնհայտ է որ Հայաստանի և Արցախի շուրջ ռազմաքաղաքական իրադրությունը գնալով բարդանում է։ Այս մասին «Ինչո՞վ ավարտեցինք և սկսեցինք տարին» թեմայով քննարկմանն ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Թվում է, թե չի կարող ավելի ծայրահեղ իրավիճակ լինել, որի մասին խոսում ենք սկսած 2018 թ-ից, բայց ցավալիորեն պետք է արձանագրենք, որ իրադրությունը 2022 թվականին շատ ավելի ծանր էր, քան այն ժամանակ, երբ 44-օրյա պատերազմը նոր էր ավարտվել»,- նշեց պատգամավորը։
Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ 2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից երկու տարի անց Արցախի և Հայաստանի վրա հարձակվել են հինգ անգամ, ունենք հարյուրավոր զոհեր, հսկայական տարածքային կորուստներ, որոնք վերաբերում են ոչ միայն Արցախին, այլև Հայաստանին։ Ըստ նրա՝ իրավիճակը ծանր է հատկապես սահմանագծի՝ Արտանիշից դեպի Ծավ ընկած հատվածում, որն ընդգրկում է ՀՀ երեք մարզերը։
Ինչ վերաբերում է Արցախում ստեղծված իրավիճակին, Տիգրան Աբրահամյանը նշեց , որ Արցախում սպասվող վատատեսական սցենարների մասին ավելի վաղ քննարկել են։
«Այսօր Ադրբեջանը ձեռնարկել է համակարգային գործողությունների մեխանիզմ՝ օր-օրի մեծացնելով Արցախի նկատմամբ ճնշումը։ Մոտ մեկ ամիս է Արցախն ամբողջական շրջափակման մեջ է, Կարմիր խաչի և խաղաղապահ առաքելության սահմանափակ շարժերը, որոնք վերահսկվում են Ադրբեջանի կողմից, որևէ ձևով ազդեցություն չեն թողնում շրջափակման վրա։ Պետք է արձանագրենք, որ Ադրբեջանը շարժվում է ըստ իր խաղի կանոնների, ենթադրվում է, որ դրանք կվատթարացնեն Արցախի և Հայաստանի իրավիճակը։
Արցախում օրվա գոյությունը պահպանելու խնդիր են լուծում, իսկ Հայաստանն այստեղ ունի դիտորդի կարգավիճակ, էլ չեմ խոսում այն մասին, որ ՀՀ պաշտոնական շրջանակներից հնչող հայտարարությունները շատ ավելի են նպաստում ադրբեջանական գործողությունների արդյունավետությանը, և միջազգային ընկալման առումով Արցախին շատ ավելի վատ դրության մեջ են դնում»,- ընդգծեց Տիգրան Աբրահամյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արման Աբովյանը՝ Փաշինյանին. Դուք ձեր թիմակիցների հետ չե՞ք խոսում
- Վահե Հովհաննիսյան. Փաշինյանի ասուլիսից հետո մենք պարզ ընտրության առաջ ենք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան