
Հրանտ Դինքի սպանության 16-րդ տարելիցին Ստամբուլում հիշատակի միջոցառումներ կանցկացվեն
Ստամբուլի «Ակոս» հայկական թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության 16-րդ տարելիցի (հունվարի 19) կապակցությամբ հիշատակի միջոցառումներ կկազմակերպվեն: Այս մասին հայտնել է «Ակոս»-ը:
Այդ միջոցառումների շրջանակներում հունվարի 11-ին Ստամբուլի Քադըքյոյ շրջանում կցուցադրվի գրող և ռեժիսոր Ումիթ Քըվանչի «Հիշողությունը քիչ է. ֆիլմ Հրանտ Դինքի համար» կինոֆիլմը: Էրմենիհաբերի փոխանցմամբ, ցուցադրումից հետո նախատեսված է, որ տեղի կունենա քննարկում ռեժիսորի մասնակցությամբ։
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին Ստամբուլում՝ «Ակօս» թերթի խմբագրատան դիմաց: Թուրքիայում նա մշտապես բացահայտ խոսել է 1915-ի հայոց ցեղասպանության մասին։ Մշտապես հանդես է եկել հայ և թուրք ժողովուրդների երկխոսության կոչերով՝ նշելով, որ դա կհանգեցնի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը:
Սպանությունից առաջ Հրանտ Դինքը դատապարտվել էր Թուրքիայի ՔՕ 301 հոդվածով, որը պատիժ է սահմանում «թուրք ազգին վիրավորելու համար»: Նրա սպանությունից հետո Թուրքիայի ողջ տարածքում տեղի են ունեցել բազմահազարանոց ցույցեր: Սպանությունը դատապարտել էին նաև օտարերկրյա պետությունների ղեկավարները և միջազգային հանրությունը։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին