Վիրավորական է կառավարության բացասական կարծիքը, այդ պատճառով էլ դուրս եմ գալիս ԱԺ հանձնաժողովի կազմից. Գեղամ Նազարյան
««Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծն այն ամենաքիչն ու նվազագույնն է, որը հանրությունը և պետությունը պետք է անի այն ընտանիքների համար, որոնք երկրին, հայրենիքին պետութանը տվել են ամենաթանկը՝ իրենց որդուն, ծնողին, ամուսնում»,-ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում հայտնեց պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ ներկայացնելով «Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին իր հեղինակած օրինագիծը:
Նա հայտնեց, որ օրենքի նածխագծի վրա սկսել է աշխատել նահատակների ընտանիքների հետ շփումներից հետո՝ դիտարկելով նրանց բողոքները, առաջարկները:
«Այնպես, որ կարող եմ պնդել, որ այս նախագիծը ոչ թե ես կամ «Հայաստան» խմբակցությունն է ներկայացնում, այլ մի մեծ համայնք՝ նահատակ տղերքի ընտանիքները»,-ընդգծեց Նազարյանը:
Հայտնելով, որ այն առաջին հերթին հանրության առողջացմանն ուղղված քայլ է, հետո նոր նահատակված զինծառայողների ընտանիքներին ուղղված գործողություն՝ Գեղամ Նազարյանն ասաց, որ պետությունն այդպես էլ չի հասկացել, թե ինչպես պետք է մեկ տարածքում և հարթության մեջ ապրի նահատակների ընտանիքների, մասնակիցների և հաշմանդամ դարձածների կողքին:
«Հյուսիսային պողոտայում դհոլ էին խփում, կլարնետ նվագում, ոմանք պարում, իսկ սեպտեմբերյան պատերազմից ընդամենը օրեր էին անցել: Նույն պատկերն էր նաև Սուրմալուի առևտրի կենտրոնի ողբերգության օրը, երբ երաժիշտներից քիչ հեռու կանգնած ոստիկանները նրանց չէին հորդորում դադարեցնել անբարոյականության և ցինիզմի դրսևորումը:
Տպավորություն է ստեղծվում, որ գործող կառավարությունը որդեգրել է մի քաղաքականություն, որի իմաստը հետևյալն է՝ արագ մոռանալ պատերազմը, չնկատել իրականությունը, չտեսնել զոհերի ծնողներին, մոռանալ վիրավորներին և ստեղծել կեղծ իրականություն, որտեղ տոնական լույսերի մեջ շողում է Երևանը՝ ոչինչ, որ այդ լույսերին նայելով անցնում են պատերազմում առաջին և երկրորդ կարգի վիրավորում ստացած 600-ից ավել տղաները, պատերազմի հազարավոր մասնակիցները, նահատակների տասնյակ հազարավոր ծնողները, ոչինչ, որ Արցախը շրջափակված է».-ասաց Նազարյանը:
Ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց, որ կառավարությունն անհասկանալի հիմնավորումներով պատգամավորներին հորդորում է չընդունել քննարկվող օրենսդրական նախաձեռնությունը:
«Կառավարությունը մերժում է նախագիծը, քանի որ այն բյուջեի վրա լրացուցիչ բեռ է լինելու և, որ չգիտի, թե այն որքան է կազմելու: Հաշվե՛ք, մի փոքր ջանք գործադրեք, բա էլ ինչո՞ւ եք աշխատավարձ ստանում»,-ասաց Գեղամ Նազարյանը:
Նա տեղեկացրեց, որ մի զինվորական խնդրել է կառավարության ներկայացուցիչներին հարց տալ, թե ինպե՞ս է լինում, որ բանակին և զինվորականությանը տալու համար փող չի լինում, իսկ Եվրատեսիլի հեռարձակման կամ խաղատների պարտքերի փակման համար միջոցներ գտնում են:
Հայտնելով, որ կառավարությունն իր մերժման հիմնավորման մեջ հիշատակել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը՝ Գեղամ Նազարյանն ասաց, որ դրանք բյուջետային միջոցներ չեն, այլ ողջ հայության կողմից հանգանակած գումարները, որոնք զոհվածների ընտանիքներինն են, բայց բյուջեից էլ պետությունը պետք է հատկացումներ անի:
«Պետությունը դեպի զոհվածների ընտանիք պետք է հավաքական քայլ անի և այս օրենքն առաջին քայլերից մեկն է: «Հայաստան» խմբակցության առաջարկն ընդունելու դեպքում զոհված զինծառայողների ընտանիքներն այլևս գլուխ չեն ջարդի՝ հասկանալու համար, թե ինչպես և ում օգնությամբ են վճարելու մինչև պատերազմը վերցրած հիպոթեկային վարկը, ինչպես են լուծելու բուժման խնդիրների հետ կապված խնդիրները, վճարելու գույքահարկն ու հողի հարկը, կոմունալ ծախսերը:Մենք նահատակի ծնողին կօգնենք, որ այլևս հերթերի մեջ չտանջվի, հերոսի կնոջը կոնգնենք, որ երեխաների ուսման հարցերի հետ կապված անհանգստություններ և վախեր չունենա»,-հայտնեց պատգամավորը և պարզաբանեց, որ նախագծով համակարգային լուծում է տրվում հիպոթեկ վճարող զոհվածների ընտանիքների համար, որոշակի փոխհատուցում տրվի նրանց նաև գույքահարկի և հողի հարկի համար, զոհվածների զավակների կամ պատերազմի մասնակիցների ուսման խնդիրները:
Պատգամավորը հայտարարեց, որ վիրավորական է նախագծի վերաբերյալ կառավարության բացասական կարծիքը և այդ պատճառով էլ որոշում է կայացրել դուրս գալ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովից, բայց մշտապես ուշադրության կենտրոնում է պահելու զոհավծների և նրանց ընտանիքների խնդիրները:
Հանձնաժողովի ՔՊ-ական պատգամավորները դեմ արտահայտվեցին օրենքի նախագծին և Գեղամ Նազարյանը երկու ամսով հետաձգեց օրինագծի քննարկումը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան