Նիդերլանդների կոալիցիոն կուսակցությունները առաջարկում են օդային կամուրջ հաստատել դեպի Արցախ
Նիդերլանդների կոալիցիոն կուսակցությունները դեպի Արցախ օդային կամուրջ հաստատելու մասին հարց են ուղղել երկրի ԱԳ նախարարին: Այս մասին հայտնում են Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայից:
«Նիդերլանդների հայկական կազմակերպությունների Ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնում ծանր կացության մեջ հայտնված արցախահայությանը և տեղեկացնում, որ Նիդերլանդների կառավարական կոալիցիայի երկու կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակներ՝ Ագնես Մյուլդերը (Agnes Mulder – CDA) և Դոն Սեդերը (Don Ceder – ChristenUnie) հարցեր են հղել երկրի արտաքին գործերի նախարար՝ Վոպկե Հուկստրային՝ (Wopke Hoekstra) Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված Լեռնային Ղարաբաղի սննդի և դեղամիջոցների պակասի վերաբերյալ:
• Ծանո՞թ եք տեղեկատվությանը, որ Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով Լեռնային Ղարաբաղը տառապում է սննդի և դեղորայքի պակասից։
• Կիսու՞մ եք Հայաստանի կառավարության մտահոգությունները, որ շրջափակումը կարող է հումանիտար ճգնաժամի հանգեցնել Լեռնային Ղարաբաղում:
• Ի՞նչ լրացուցիչ ջանքեր կարող են գործադրել Նիդերլանդները և Եվրամիությունը Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնություն տրամադրելու համար։
• Հնարավո՞ր է օդային կամուրջ բացել դեպի Լեռնային Ղարաբաղի անկլավ՝ սննդամթերքի և դեղորայքի մատակարարումն ապահովելու համար։
• Ճի՞շտ է, որ Եվրամիությունն ու ԱՄՆ-ն Ադրբեջանին հորդորել են կրկին ապահովել մարդկանց և ապրանքների ազատ և անվտանգ տեղաշարժը միջանցքով: Եթե այո, ապա ինչպիսի՞ն է եղել Ադրբեջանի արձագանքը։
• Ուրիշ ի՞նչ հնարավորություններ ունեն Նիդերլանդները՝ Ադրբեջանին համոզելու Լաչինի միջանցքը կրկին հասանելի դարձնելու համար։
• Ո՞ր բնապահպանական կազմակերպությունն է պատասխանատու Լաչինի միջանցքի շրջափակման համար և ինչպիսի՞ն է այդ կազմակերպության կարգավիճակը Ադրբեջանում։ Այդ կազմակերպությունները նախկինում նման գործողություններ ձեռնարկե՞լ են։
• Ի՞նչն է պատճառը, որ տեղակայված ռուս զինվորները չեն ապահովում Լաչինի միջանցքում անխափան տեղաշարժը։
• Որքանո՞վ են փոխվել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները Ուկրաինայի պատերազմի սկսվելուց հետո։
• Կիսու՞մ եք մեր այն տեսակետը, որ Եվրամիությունը և ՄԱԿ-ը պետք է ավելի մեծ դեր խաղան տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար: Եթե այո, ապա ինչպե՞ս դրան կարելի է հասնել:
• Արդյո՞ք տարբերակ է ԵՄ նոր դիտորդական առաքելություն սկսել Լաչինի միջանցքի տարածքում:
Նիդերլանդների հայկական կազմակերպությունների Ֆեդերացիան շարունակում է իրազեկման արշավը և պայքարը Լաչինի միջանցքի շուտափույթ վերաբացման ուղղությամբ»,- նշված է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան