Լաչինի միջանցքի փակումը սադրանք է, որի վերջնական նպատակը նոր ռազմական էսկալացիան է. Նիկոլ Փաշինյան
«Երկուշաբթի օրը խափանվել է ԼՂ-ին ՀՀ-ից էլեկտրաէներգիա մատակարարող էլեկտրագծի աշխատանքը: Խափանումը տեղի է ունեցել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում և մինչև այս պահը վերականգնողական աշխատանքներ իրականացնելու հնարավորություն չի ընձեռվել ո՛չ ԼՂ համապատասխան ծառայություններին, ո՛չ խաղաղապահներին, ո՛չ էլ որևէ տեղեկություններ կան վերականգնողական աշխատանքներ իրականացնելու կամ ընթացքի վերաբերյալ»,-կառավարության այսօրվա նիստի մեկնարկին հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
Ասելով որ ԼՂ-ին էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումը նոր հիմնահարցեր է ստեղծել՝ Փաշինյանը տեղեկացրեց, որ Արցախում սկսվել են հովհարային անջատումները:
«Մանկապարտեզները գործում են ոչ լիարժեք, այդ թվում՝ սահմանված չափանիշներին համապատասխանող սննդի բացակայության պատճառով: Փակվում են աշխատատեղեր՝ էլ ավելի սրելով սոցիալական վիճակը Լեռնային Ղարաբաղում»,-ասաց ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը:
Փաշինյանը հայտարարեց, որ իր գնահատականը մնում է նույնը, ըստ որի՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը սեփական հայրենիքում ապրելու Լեռնային Ղարաբաղի հայության կամքը կոտրելու նպատակ ունի, բայց հավատում է, որ այդ կամքն անկոտրում է:
Նա անդրադարձավ նաև իրավիճակի հանգուցալուծման պատկերացումներին և ասաց. «Այս հարցում էլ, իմ ընկալմամբ, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և իշխանության արձագանքը պետք է լինի ասիմետրիկ: Ի՞նչ է սա նշանակում: Առաջին հերթին՝ վերջին տարիների զարգացումների, դրանց խորքային իմաստների և պատճառների հետ պետք է առերեսվել այն կտրվածքով, որ իրադարձությունների, իրադրություններիր մեր գնահատականները պետք է լինեն փաստահենք: Այս առումով պետք է առաջին հերթին խուսափել իրադրությունն էլ ավելի փակուղային դարձնող քաղաքական հայտարարություններից, որովհետև վերջնակետին հասնելու հստակ պատկերացումներով չզուգորդված հայտարարություններն որևէ օգուտ չեն տալիս, և հետո Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև պետք է սկսվի քաղաքական խոսակցություն և ԼՂ-ի մեր գործընկերները պետք է հնարավորություն չտան, որ որևէ մեկը իրենց մեղադրի կառուցողական խոսակցությունն խափանելու, կամ նման խոսակցությունն անհնար դարձնելու մեջ: Լաչինի միջանցքի փակումը սադրանք է, որի վերջնական նպատակը նոր ռազմական էսկալացիան է և չպետք է իրականացնել քայլեր, որոնք ցանկալի են ռազմական էսկալացիայի սցենարը մշակողների համար: Այս սադրանքի և էսկալացիայի նպատակներից մեկը Բաքվի և Ստեփանակերտի միջև քաղաքական և պաշտոնական խոսակցության ակնհայտ անհրաժեշտության քողարկելն ու օրակարգից դուրս մղելն է: Չպետք է արվեն գործողություններ, որոնք նպաստում են այս սադրիչ խնդրի լուծմանը»:
Փաշինյանի խոսքով՝ ՀՀ դիվանագիտական կառույցները և արտերկրի կառույցները պետք է կրկնապատկեն ջանքերը ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի միջազգային տեսանելիությունը մեծացնելու և տարբեր ատյաններում այն քննարկման առարկա դարձնելու ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Այսօր 115 մլն դրամ կհատկացվի Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Հայաստանում մնացած արցախցիների կեցության ծախսերի համար
- Սոցիալիստական Ինտերնացիոնալն Ադրբեջանին հորդորել է բացել Լաչինի միջանցքը
- Պետդեպարտամենտի ներկայացուցիչը Լաչինի միջանցքի հարցով զանգահարել է Բայրամովին
- Ադրբեջանը պարտավոր է առանց որևէ նախապայմանի վերականգնել Լաչինի միջանցքի՝ նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը․ Միրզոյան
- Հայաստանում Ճապոնիայի դեսպան. Մտահոգ եմ Լաչինի միջանցքի շուրջ զարգացումների մասին հաղորդումներով
- Ադրբեջանն ուզում է Հայաստանին ներքաշել ավելի մեծ սադրանքի մեջ. Փաշինյանը` Լաչինի միջանցքի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին