Ռուբեն Վարդանյան. Սա ոչ թե պայքար է բլոկադայի դեմ, այլ հանուն մեր հողում ապրելու իրավունքի
«Արդեն 31 օր է՝ մենք շրջափակման մեջ ենք, ինչը նշանակում է, որ ունենք խնդիրներ և պարենային ապրանքների հետ կապված, և ենթակառուցվածքների բոլոր օղակներում, առողջապահության մեջ, ունենք անջատված ընտանիքներ։ Ցավոք, կան մարդիկ, որոնք մահացել, սակայն չեն կարողանում հողին հանձնել»,-Երևան-Ստեփանակերտ ընթացող տեսակամուրջի ժամանակ դեկտեմբերի 12-ից ի վեր Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհի փակման հետևանքով առաջացած խնդիրները թվարկեց Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը։
Նա հերքեց Ադրբեջանի կողմից իրականացվող այն քարոզչությունը, ըստ որի, ճանապարհը փակ պահելու հետևանքով Արցախում հումանիտար խնդիրներ չկան։
«Նրանք չեն ցանկանում իրականությունն ընդունել։ Իրականում, ունենք ճգնաժամ։ Ասում են, անցած մեկ ամսվա ընթացքում անցել է 400 մեքենա։ Մինչև շրջափակումը մենք մեկ օրվա ընթացքում ունեցել ենք մեքենաների ավելի մեծ տեղաշարժ, քան անցած մեկ ամսվա ընթացքում։ Խնդիրներ կան ամենուր։ Բայց ուզում եմ ասել, որ այս ամենը մեզ ավելի միավորեց։ Մենք տեսանք, որ ժողովուրդը, հասարակությունը, պետությունը միասին են, հասկանալով իրավիճակի դժվարությունները՝ դրանք հաղթահարելու ոգին մեր մեջ արթնացել է։ Սա ցույց տվեցին դեկտեմբերի 25-ի հանրահավաքը, շրջաններում մարդկանց հետ հանդիպումները։ Ժողովուրդը պատրաստ է մեր կողքը կանգնել ու դիմագրավել այս ամենին։ Սա ոչ թե բլոկադայի դեմ պայքար է, այլ պայքար է հանուն մեր հողի վրա, մեր հայրենիքում ապրելու իրավունքի, ապրելու մեր օրենքներով՝ չենթարկվելով այլոց պայմաններին»,-ասաց Վարդանյանը՝ ավելացնելով, որ օր օրի միասնությունն ամրապնդվում է։
Ինչպես տեղեկացրեց տեսակամուրջը վարող Էրիկ Անթառանյանը, որը շրջափակման հետևանքով մնացել է պաշարված Ստեփանակերտում, միջոցառումն ուղիղ հեռարձակում են հայաստանյան երեք հեռուստաընկերություններ՝ «Արմենիա»-ն, Հ2-ը, «երկիր Մեդիա»-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին