Նիկոլ Փաշինյանն ի՞նչ բարոյական իրավունք ունի խորհուրդ տալու, այն էլ՝ արցախցիներին. Էդուարդ Շարմազանով
«Ես տարիներ շարունակ պնդում էի, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը սպասարկում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերը։ Այս հայտարարությունը հերթական անգամ գալիս է փաստելու իմ թեզի ճշմարտացիությունը»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության նիստում արված հայտարարությանը, թե Արցախում չպետք է անեն իրավիճակը լարող հայտարարություններ։
Նրա խոսքով՝ վերջին ասուլիսի ժամանակ Փաշինյանն ամեն կերպ փորձում էր սիրահետել և դուր գալ Թուրքիային ու Ադրբեջանին։
«Այն ոչ միայն խոսքով երևաց, այլ նաև գործով, երբ որ նա հրաժարվեց ՀԱՊԿ-ի զորավարժություններից տարածաշրջանում այն ժամանակ, երբ թուրք-ադրբեջանական զորավարժություններ վերջին երկու տարվա մեջ 4-5 անգամ արդեն եղել են»,-ասաց Շարմազանովը և հավելեց. «Եթե Փաշինյանն արդեն որոշել է, որ Հայաստանի տեղն իր ղեկավարման օրոք Թուրքիայի համապատասխան տեղում է, ապա նա շատ ծանր է տանում, որ Արցախում դեռ կան ուժեր, որոնք Արցախի տեղը տեսնում են հենց Արցախում և անկախ Արցախում»։
Վերադառնալով Փաշինյանի այն խոսքին, թե չպետք է անել հայտարարություն, որը կսրի իրավիճակը՝ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Այսինքը, դա նշանակում է, որ Ռուբեն Վարդանյանը պետք է կանգնի և ասի՝ Իլհամ Ալիևն իմ մեծ ախպե՞րն է, կամ ասի, թե Ալիևն կառուցողակա՞ն է»։
ՀՀԿ ԳՄ անդամը նկատեց, որ մի քանի ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ Ադրբեջանը ցեղասպան քաղաքականություն է վարում, իսկ այսօր իրավիճակը չշիկացնող հայտարարություններ անելու խորհուրդներ է տալիս։
«Նիկոլ Փաշինյանն ի՞նչ բարոյական իրավունք ունի խորհուրդ տալու, այն էլ՝ արցախցիներին։ Նրա պատճառով է էս ամեն ինչը։Սա նման է նրան, որ Բերիան 1937 թվականին ինչ-որ մեկին խորհուրդ տար։ Այնքան անտարբեր ենք, որ այս մարդն բացահայտ ասում է, թե Ռուսաստանն է մեր սպառնալիքը, ոչ թե Թուրքիան։ Բառացի ասում է՝ ես չպետք է անեմ քայլ, որը դուր չգա Ադրբեջանին և Թուրքիային, կանգնում ասում է՝ ես պատրաստ եմ զիջել, մեննակ ասեք՝ ինչքան զիջեմ։ Ըստ Ադրբեջանի, Արցախում հայերի գոյությունն արդեն լարվածություն է, Նիկոլ Փաշինյանը եթե ասում է լարվածություն մի ստեղծեք, դրանով ուզում է ասել՝ հայտարարեք Իլհամ Ալիևին, որ դո՞ւրս եք գալիս Արցախից։ Ինքն Արցախը հայաթափելու կոչ է անում։ Չպայքարելու այլընտրանքը հայաթափումն է, եթե Նիկոլը պայքարելը համարում է իրավիճակը սրելու իրադրություն, կոչ է անում Արցախը հայաթափելու։ Եւ սա անում է մի մարդ, որը պատերազմից առաջ ամենակեղծ հայրենասերն է եղել, ինքն էր ասում՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Այն ժամանակ կրակի վրա բենզինը լցրեց, հողերը պատերազմով տվեց, հիմա էլ արցախցիների՚ն է հորդորում»,-ասաց Շարմազանովը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի՝ միայն միջազգային հարաբերությունների ոլորտում «կերած բողկերը» պաշտոնական Երևանի համար տարիներ շարունակ խնդիր են առաջացնելու. Մամիջանյան
- Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան