Թուրքիան պահանջել է ազատ արձակել ՌԴ-ում բանտարկված Ղրիմի թաթարներին
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ Ռուսաստանից պահանջելով ազատ արձակել ահաբեկչական բջիջ հիմնելու ու իշխանության զավթումը նախապատրաստելու մեղադրանքով դատապարտված Ղրիմի 5 թաթարներին, գրում է Էրմեինհաբերը։
Հայտարարության մեջ նշվում է, որ թուրքական կողմին մտահոգում է իրենց ազգակից Ղրիմի թաթարներ Ջեմիլ Գաֆարովի, Սերվեթ Գազիևի, Էրֆան Օսմանովի, Ալիմ Կարիմովի, ու Սեյրան Մուրթազայի 13-ական տարվա ազատազրկումը:
«Մենք ակնկալում ենք, որ անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն՝ ապահովելու Ղրիմում քաղաքական դրդապատճառներով բանտարկված մեր բոլոր հայրենակիցների, այդ թվում Ղրիմի թաթարների մեջլիսի փոխնախագահ Ներիման Ջելալի, Ասան Ահմեդովի ու Ազիզ Ահմեդովի ազատ արձակումն ու իրենց ընտանիքներին վերամիավորումը»,- ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ նախօրեին Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի զինվորական դատարանը դեռևս 2019-ին Սիմֆերոպոլում ձերբակալված 5 անձանց դատապարտել է 13-ական տարվա ազատազրկման