Ուսհաստատություններում համաճարակային իրավիճակն այս պահին բավականին վերահսկելի է. Ժաննա Անդրեասյան
«Հունվարի 9-ից վերսկսել ենք դասապրոցեսը, գործում է համաճարակային ֆիլտր։ Դպրոցների և մյուս ուսումնական հաստատությունների պարագայում առողջապահության նախարարության հետ համատեղ հետևում ենք համաճարակային իրավիճակին, համապատասխան ցուցումների պարագայում, բնականաբար, պատրաստ կլինենք քայլեր ձեռնարկել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա նշեց, որ այս պահին իրավիճակը բավականին վերահսկելի է և, կարծում է, որ եթե այդ ֆիլտրը գործի, այսինքն, հիվանդ երեխաներն ու աշխատակիցներն ուղղակի չհաճախեն դպրոց, դրանով իսկ զերծ պահեն վարակի տարածումից, կարող են դասապրոցեսի առումով ընդհատում չունենալ։
Նախարարի խոսքով, քովիդի ժամանակահատվածը սովորեցրել է նման խնդիրների հետ գործ ունենալ. ունեն թե հեռավար կրթության անցնելու տարբերակներ, թե ցանկացած այլ հնարավորություններ։