Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները սահմանը կարող են հատել նույնականացման քարտով
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին. նախատեսվում է կամավոր ատեստավորմամբ հավելավճար ստանալու հնարավորություն տալ արվեստի և մարզադպրոցների ուսուցիչներին, մարզիչներին:
Կառավարությունը հավանություն տվեց նաև Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
«Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին որոշման նախագիծը ներկայացնելիս՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ հարևան Վրաստանի հետ առանձնահատուկ հարաբերությունների կառուցումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթություններից է, ինտենսիվ կապեր կան բոլոր գերատեսչությունների միջև։
«Վրաստանը նաև մեր քաղաքացիների համար գործնական, հանգստի նպատակով այցելությունների սիրված վայրերից է։ 2019 թվականին 1 միլիոն 365 հազար ՀՀ քաղաքացի է այցելել Վրաստան։ Համավարակի ժամանակ հետընթաց է արձանագրվել։ Կարծում ենք՝ առաջիկայում այդ դինամիկան կվերականգնվի»,- ասաց Միրզոյանը։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս համաձայնագիրն այն մասին է, որ Հայաստանի և Վրաստանի քաղաքացիներն այլևս սահմանը կարող են հատել նույնականացման քարտով, այսինքն անձնագրի անհրաժեշտություն չեն ունենալու։ Նրանք, ովքեր չունեն նույնականացման քարտ, նրանց անհրաժեշտ կլինի անձնագիր։
«Կարծում եմ՝ շատ կարևոր է փոխադարձ այցելությունները դյուրացնելու առումով։ Հարակից ռիսկեր կլինեն, որոնց կառավարելու հարցում, կարծում եմ, մեր վրաց գործընկերների հետ կաշխատենք»,- ասաց նա։
Փաշինյանը հայտնեց, որ այսօր սպասում են Վրաստանի պատվիրակությանը վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ։ Երևանում տեղի կունենա Հայաստանի և Վրաստանի միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը։ Փաշինյանը հույս հայտնեց, որ նիստի շրջանակում այս համաձայանագիրը կստորագրվի։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան