Մհեր Մուսայելյան. Ադրբեջանի կողմից ճանապարհը փակ պահելն ազդում է արցախցիների առողջական վիճակի վրա, վիրահատություններ չեն արվում, դեղորայք չկա
«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակ պահելու հետևանքով Արցախում կա դեղորայքի խնդիր, քանի որ մենք դրանք բերում էինք Հայաստանից»,-ասաց Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանը Երևան-Ստեփանակերտ ընթացող տեսակամուրջի ժամանակ։
Կենտրոնի տնօրենը փաստեց՝ դեղորայքի պակասն ու բացակայությունը բացասական ազդեցություն կունենա Արցախի բնակչության առողջության վրա։
«Կան մարդիկ, որոնք որոշակի պարբերականությամբ մեկնում էին Հայաստան կամ այլ երկիր քիմիաթերապիայի, լազերային բուժման համար։ Նրանք հիմա հնարավորություն չունեն բուժվելու։ Կարմիր Խաչի օգնությամբ հնարավորություն է եղել 15 հիվանդ տեղափոխել Հայաստանի Հանրապետության տարբեր բուժհաստատություններ։ Պետք է նշեմ, որ Արցախի բոլոր բուժհիմնարկներում դադարեցված են պլանային վիրահատությունները, որպեսզի պահուստային դեղորայքն օգտագործվի շտապ դեպքերի համար»,-ասաց տեսակամուրջի բանախոսը։
Բուժկենտրոնի տնօրենն ասաց, սովորաբար մեկ ամսվա ընթացքում իրականացնում են միջին հաշվով 250 վիրահատություն, անցած մեկ ամսում դրանց թիվը մի քանի անգամ նվազել է՝ հասնելով 92-ի։ Բոլորի դեպքում էլ վիճակը սուր է եղել, շտապ վիրահատության ցուցումով։
«Դիսապանսեր կենտրոններում գրանցված երեխաներ ունենք, որոնք հաճախ մեկնում են Հայաստան բուժօգնության համար, 92 երեխա սուր բրոնխիալ ասթմա ունի, 88 երեխա էպիլեպսիա ունի, 16 երեխա շաքարային դիաբետ ունի, 840 երեխա սրտի բնածին արատ ունի։ Անցած տարվա դեկտեմբերի 12-ից ի վեր այս երեխաները չեն կարողացել մեկնել Հայաստան՝ բուժօգնություն ստանալու համար»,-ասաց Մուսայելյանը։
Կան լաբորատոր հետազոտություններ, որոնք կարող են իրականացվել Հայաստանում, Արցախում նման հնարավորություն չկա։
«Բացի այդ, կան ծանր հիվանդներ, որոնց հարազատները հրաժարվում են տեղափոխել Հայաստան, քանի որ վերադարձի խնդիր կարող է լինել, Երևանում մնալը ծախսատար է»,-ասաց ԲԿ տնօրենը։
Մուսայելյանը նշեց՝ կենտրոնի բուժսարքավորումների սպասարկումն իրականացնում են հայաստանցի մասնագետները, սակայն հիմա նման հնարավորություն չկա։ Ադրբեջանցիների կողմից ճանապարհը փակ պահելու հետևանքով Հայաստանում են մնացել արցախցի տասը բժիշկներ, հետևաբար չեն կարողանում իրականացնել իրենց մասնագիտական պարտականությունները, դա էլ հանգեցրել է կադրերի պակասի։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան