Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր հետաձգվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը։
Դատական այսօրվա նիստին չէր ներկայացել ամբաստանյալ Գևորգ Հարությունյանը՝ պայմանավորված առողջական վիճակով, ինչպես նաև առանցքային վկա Սևակ Քոչարյանը, որի հարցաքննությունն դեռ չի ավարտվել։
Դատական հաջորդ նիստը նշանակվել է հունվարի 26-ին։
Հիշեցնենք, որ քրեական գործով այս պահին մեղադրյալի կարգավիճակում է երեք անձ. Սերժ Սարգսյանից բացի մեղադրանքներ են առաջադրվել նաև Գևորգ Հարությունյանին, գործարար Բարսեղ Բեգլարյանին։
Ըստ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի՝ «նա 2008թ․ ապրիլի 9-ից մինչև 2018թ․ ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ․ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակության կատարում»։
Ըստ Բարսեղ Բեգլարյանին առաջադրված մեղադրանքի՝ «նա հանդիսանալով «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր, 2013թ․ հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում դրդել է 2013թ․ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սերգո Կարապետյանին՝ ՀՀ հողօգտագործողներին 2013թ․ գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի իրականացման ընթացքում կատարել ՀՀ կառավարությանը վստահված, պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների՝ ընդհանուր 489,160,310 ՀՀ դրամի վատնում»։
Ըստ Գևորգ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի՝ «նա 2012թ․ հունիսի 25-ից մինչև 2015թ․ հունվարի 12-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության պետի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագրծելով, 2013թ․ հւնվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, օժանդակել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակություն կատարելուն»։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի հետևանքով մահացել են գործով անցնող Սերգո Կարապետյանը և Սամվել Գալստյանը։ Դատարանի որոշմամբ, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանի գործով առանցքային վկան հայցադիմումից հետո ձերբազատվել է միլիոնավոր դոլար պարտքերից. Պաշտպան
- Սերժ Սարգսյանի գործով վկան այս անգամ ներկայացավ դատարան, բայց լսողական սարքի խնդիր ուներ
- Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը կրկին հետաձգվեց
- Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը վկայի բացակայության պատճառով հետաձգվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան