Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնության հաղթողները կհամալրեն ազգային հավաքականները
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն- մարզադպրոցում այսօր տեղի կունենա Հայաստանի տղամարդկանց և կանանց բարձրագույն խմբի առաջնության բացման արարողությունը: Խաղատախտակների շուրջ կնստեն 10-ական մարզիկ-մարզուհիներ:
Գլխավոր մրցավարներն են միջազգային կարգի մրցավարներ Աշոտ Վարդապետյանը /տղամարդկանց/ և Նունե Վարդանյանը /կանանց/:
ՀԱՕԿ-ի փոխանցմամբ, մրցակարգը շրջանաձև է և մասնակիցներից յուրաքանչյուրը կխաղա ինը պարտիա:
Տղամարդկանց մրցաշարին կմասնակցեն Մանուէլ Պետրոսյանը, Արամ Հակոբյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, Մամիկոն Ղարիբյանը, Արմեն Բարսեղյանը, Սարգիս Սարգսյանը , իսկ կանանցը՝ Մարիա Գևորգյանը, Սուսաննա Գաբոյանը, Աստղիկ Հակոբյանը, Աննա Խաչատրյանը, Վերոնիկա Խաչատրյանը, Նարինե Գասպարյանը, Արփինե Գրիգորյանը, Ասյա Եդիգարյանը, Պոլինա Կոբակը, Նվարդ Հայրապետյանը:
ՀՀ չեմպիոնները և մրցանակակիրները հայտնի կդառնան հունվարի 22-ին: Հաղթողները կհամալրեն մարզաձևի մեր ազգային հավաքականները: