Մահացել է Էլվիս Փրեսլիի միակ դուստրը
54 տարեկանում մահացել է ամերիկացի երգչուհի Լիզա Մարի Փրեսլին՝ ռոքնռոլի արքա Էլվիս Փրեսլիի միակ դուստրը։ Այս մասին հինգշաբթի հայտնել է People ամսագիրը՝ վկայակոչելով երգչուհու մոր՝ Պրիսցիլա Փրեսլիի հայտարարությունը։
«Ծանր սրտով պետք է կիսվեմ այն սարսափելի լուրով, որ իմ գեղեցկուհի դուստր Լիզա Մարին լքել է մեզ»,- ամսագրին ասել է երգչուհու մայրը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լիզա Մարին արհեստական կոմայի մեջ է այն բանից հետո, երբ երգչուհու մոտ տեղի է ունեցել «սրտի ամբողջական կանգ»։
Ըստ ամսագրի՝ Փրեսլին իր երաժշտական կարիերայի ընթացքում թողարկել է երեք ալբոմ՝ To Whom It May Concern (2003), Now What (2005) և Storm & Grace (2012)։ Երկար ժամանակ նա ղեկավարում էր Էլվիս Փրեսլիի բարեգործական հիմնադրամը։
Լիզա Մարի Փրեսլին այս շաբաթ ներկա է եղել «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխությանը, որտեղ ներկայացվել է Էլվիս Փրեսլիի կյանքի մասին պատմող ֆիլմը՝ «Էլվիս»-ը (2022)։ Օսթին Բաթլերը դրամատիկ ֆիլմի լավագույն դերասան է ճանաչվել Էլվիս Փրեսլիի դերի համար։