«Ամենակարևորը՝ արձանագրվեց, որ ՀՀ և Արցախի իշխանության դիրքորոշումը Արցախի հարցում էականորեն տարբերվում է»
ԱԺ «Պատիվ ունեմ» խբակցության պատգամավոր, անվտանգային հացերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Արցախի իշխանությունն ինչպես և կանխատեսվում էր կոշտ արձագանքեց Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի՝ Արցախին վերաբերող հայտարարություններին։
Ամենակարևորը՝ արձանագրվեց, որ ՀՀ և Արցախի իշխանության դիրքորոշումը Արցախի հարցում էականորեն տարբերվում է և դրանք փոխադարձ ընդունելի կամ ներդաշնակ չի, ինչպես պնդում էր Փաշինյանը։
Արցախի մոտեցումները չէին էլ կարող ներդաշնակ լինել Հայաստանից հնչող պաշտոնական տեսակետին, որովհետև դա փաստացի քաղաքական ինքնասպանություն կլիներ։
Համաձայն լինել սեփական ճակատագիրը Ադրբեջանին հանձնելո՞ւն, թե՞ ֆիզիկական ոչնչացմանը։
Երկրորդ, Արցախի պետնախարարի շուրթերով նաև փոխանցվեց, որ նույնիսկ Հայաստանի իշխանության այս պահի դիրքորոշման և հնարավորությունների շրջանակներում էլ Արցախին համարժեք սատարում չի ապահովվում։
Երրորդ, Արցախն ի տարբերություն ՀՀ իշխանության, փաստում է, որ Արցախում ստեղծված ծայրահեղ իրադրությունը ոչ թե հումանիտար, այլ քաղաքական ճգնաժամ է, իսկ դրա սոցիալ-տնտեսական դրսևորումները զուտ հետևանք է։
Չորրորդ, Արցախից նրբանկատորեն ուղերձ հղվեց ՀՀ այն բոլոր ուժերին, ովքեր այս տարիներին և հատկապես հիմա պաշտպանում ու սատարում են Արցախի պայքարի հիմքում ընկած սկզբունքները։
Սա ևս հնչեցվեց Պետնախարարի շուրթերով այն համատեքստում, որ ՀՀ իշխանությունների, մեղմ ասած, ոչ ճիշտ դիրքավորման պայմաններում, պետք է աշխատանք տարվի ՀՀ և Սփյուռքի բոլոր այն ուժերի հետ, որոնք պատրաստ են իրենց պոտենցյալի, ռեսուրսի, հնարավորությունների սահմաններում պաշտպանել ու սատար կանգնել Արցախին»։