Արցախում առնվազն 3.400 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը
Արցախի կառավարությունն Ադրբեջանի կողմից պաշարման 33-րդ օրը հրապարակել է տեղեկագիր, ըստ որի.
• 11 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
• 8 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
• Արդեն 123 երեխա ծնվել է շրջափակման մեջ:
• ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով շուրջ 390 քաղաքացի զրկվել է առողջական խնդիրներից ելնելով վիրահատվելու հնարավորությունից։
• Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 19 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։
• Տնտեսվարող սուբյեկտների 16,4%-ը շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել են իրենց գործունեությունը։
• Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 3,400 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։
• Ավելի քան 12,800 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:
Կարևոր փաստեր
• Ադրբեջանի կառավարության գործակալները ահաբեկչական գործողություններով 33 օր շարունակ շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120,000 բնակչությանը:
• Շրջափակման պատճառով Արցախի 120,000 բնակչությունը (ներառյալ՝ շուրջ 30,000 երեխա, 20,000 տարեց, 9,000 հաշմանդամություն ունեցող անձ) կրում է բազմաթիվ զրկանքներ և կանգնած է նաև սովի ռիսկի առջև:
• Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով փակվել է 41 մանկապարտեզ, 56 նախադպրոցական խումբ, 20 երկարօրյա ուսումնական հաստատություն։ 6,828 երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ, նախակրթարան և երկարօրյա դպրոց հաճախել՝ զրկվելով համապատասխան խնամք, սնունդ և կրթություն ստանալու հնարավորությունից։
• Շրջափակման մեկնարկից ի վեր աշխարհի բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ արել վերացնել շրջափակումը: Հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները վերացնելու շրջափակումը, հարցը շուտով կքննարկվի նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (Հաագա)՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին