ՔՊ-ական մարզպետն ու համայնքի ղեկավարը միտումնավոր տապալել են դպրոցի տնօրենի մրցույթը
Շիրակի մարզի Արթիկ համայնքում այսօր հինգերորդ անգամ միտումնավոր տապալվեցին թիվ 4 դպրոցի տնօրենի ընտրությունները: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դպրոցի նախկին տնօրեն Նունե Գրիգորյանը, ով տնօրենի միակ թեկնածուն է։
Հինգ անգամ՝ սկսած 2022թ-ի հոկտեմբերից, նշանակվել է մրցույթ, սակայն չի կայացել՝ կառավարման խորհրդում Շիրակի ՔՊ-ական մարզպետի և Արթիկ համայնքի ղեկավարի ներկայացուցիչների բացակայության պատճառով: Քվորում ապահովելու համար պարտադիր է նրանց ներկայությունը:
Նունե Գրիգորյանը նշեց, որ ինչպես նախորդ մրցույթներին, այս անգամ ևս չեն մասնակցել Շիրակի մարզապետարանի կողմից առաջադրված երեք և Արթիկ համայնքի ղեկավարի կողմից առաջադրված մեկ ներկայացուցիչը։
«Կանխամտածված ձախողում են մրցույթն արդեն հինգերորդ անգամ։ Հինգ անգամ էլ եղել եմ միակ թեկնածուն։ Ինչ կառավարման խորդհուրդը ձևավորվել է, ոչ մի անգամ լիգումար նիստ չի գումարվել, այդ չորս անդամները բացարձակ անգործության են մատնել խորհրդի աշխատանքները։ Ի դեպ, խորհրդի նախագահը համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանի կողմից առաջադրված Ցոլակ Հովհաննիսյանն է, որն ընդհանրապես իր պարտականություններին չի տիրապետում։
Օրենքի համաձայն՝ մրցույթը պետք է նա հայտարարի, բայց քանի որ բացակայում է, իր փոխարեն մրցույթ հայտարարում են խորհրդի հինգ ներկայացուցիչները, որոնք առաջադրվել են մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության մեկ ներկայացուցիչը։ Ամիսներ շարունակ մրցույթներին մասնակցում են կառավարման խորհրդի այս հինգ անդամները, իսկ մարզպետ Նազելի Բաղդասարյանի օգնական Վանիկ Մարտիրոսյան, մարզպետարանի ներկայացուցիչներ Մարիամ Պետրոսյանը, Սևակ Պետոյանը, որը հանդիսանում է Արթիկ համայնքի ղեկավարի մամուլի խոսնակը, ինչպես նաև խորհրդի նախագահը մշտապես բացակայում են»,- ասաց Նունե Գրիգորյանը։
Ըստ նրա՝ խորհրդի քարտուղարը մրցույթի մասին նրանց ամեն անգամ պատշաճ ծանուցում է, ավելին, մրցույթից մեկ օր առաջ զանգել հիշեցրել է, բայց նրանք կամ անպատասխան են թողնում զանգերը կամ էլ նշում են՝ իրենց հարմար չէ։
«Այս անգամ էլ խորհրդի նախագահն ասել է՝ ինձ հարմար չէ, տեսեք, թե ինչ եք անում։ Սա նշանակում է, որ միտումնավոր խոչընդոտում, ձախողում են։ Հասկանում եմ, որ այս ամենը տանում է նրան, որ իրենց ուզած թեկնածուին նշանակեն։ Դա անում է մարզպետ-քաղաքապետ տանդեմը։ Ես այդպես եմ մտածում, հակառակ դեպքում ինչու չեն գալիս»,- ընդգծեց Նունե Գրիգորյանը։
Հարցին, թե արդյոք մրցույթին չմասնակցելու այլ պատճառաբանություն ներկայացվում է, նախկին տնօրենն ասաց, որ նախորդ՝ չորրորդ մրցույթի ժամանակ ապահովել են քվորում, սակայն մարզետարանի ներկայացուցիչները դեմ են քվեարկել՝ նշելով, որ իր ներկայացրած դպրոցի զարգացման ծրագիրն իրենց դուր չի եկել, այն պետք է փոխել։
«Ես փոխել եմ, նոր ծրագրով եմ ներկայացել, հիմա հարց եմ տալիս՝ ինչո՞ւ չեկաք։ Իրականում պետք է ներկայացնել հինգամյա ծրագիր, ինչը ես արել եմ։ Ծիծաղելի է, բայց ինձ ասում են՝ գրի, թե որ թվին ինչ պետք է անել։ Բայց դա հնարավոր չէ, միգուցե որոշել եմ մարզադաշտը վերանորոգել 2023 թվականին, բայց կհաջողվի 2025-ին։ Դրա համար դա կոչվում է հնգամյա, այլ ոչ թե ամենամյա ծրագիր։ Ի վերջո հնգամյա զարգացման ծրագիրը տարբերվում է ամենամյա աշխատանքային պլանից»,- նշեց նա։
Նունե Գրիգորյանն Արթիկի թիվ 4 դպրոցում աշխատել է 2011 թվականից։ Այդ ժամանակ նա փոխտնօրեն էր։ Նրա խոսքով՝ այդ տարիներին դպրոցը գտնվում էր փակման եզրին՝ շենքային վատ պայմանների, քիչ աշակերտների թվաքանակի պատճառով։ 2017 թվականին ընտրվել է տնօրեն, երբ դպրոցն ուներ 113 աշակերտ, իսկ այսօր՝ 200-ից ավելի են։
«Գտել եմ բարերարներ՝ Հայ կրթական հիմնարկության շնորհիվ ամբողջ դպրոցը վերանորոգվեց։ Այսօր այն համարվում է քաղաքի լավագույն կրթօջախներից մեկը՝ շենքային բարեկեցիկ պայմանների և մանկավարժական կազմի շնորհիվ։ Փաստորեն այս մարդկանց դուր չի գալիս, որ դպրոցը վերանորգվել է, միգուցե ասեն, թե ինչու»,- նշեց Նունե Գրիգորյանը։
Հարցին՝ դիմե՞լ է ԿԳՄՍ նախարարին, նա բացասական պատասխան տվեց՝ ասելով, թե չի կարծում նախարարությունում տեղյակ չեն, քանի որ մրցույթին միշտ ներկա է գերատեսչության ներկայացուցիչը. «Նախարարությունից որևէ արձագանք չկա, քար լռություն է, իսկ մարզպետն ու համայքնի ղեկավարը հանգիստ իրենց գործն են անում։ Ուզում եմ հարց տալ նրանց՝ որն է պատճառը, որ չեն ցանկանում ես աշխատեմ, մինչդեռ ուզում են ծնողներն ու մանկավարժները։ Ձեզ ի՞նչն է խանգարում»։
Նունե Գրիգորյանի խոսքով՝ այժմ պետք է հինգ օրվա ընթացքում նոր մրցույթ անցկացվի, դա օրենքի պահանջն է։
«Եթե քվորում չապահովվի, վստահ եմ, որ այդպես էլ կլինի, կամ էլ ԶԼՄ-ներում հրապարակումներից հետո մարզպետարանի և համայնքապետարանի ներկայացուցիչները կգան ու նորից դեմ կքվեարկեն առանց հիմնավոր պատճառների, արդեն կնշանակեն իրենց նախընտրելի թեկնածուին»,- ասաց նախկին տնօրենը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան