Սլովենիայում մեկնարկել է օդամղիչ հրաձգության միջազգային վարկանիշային մրցաշարը
Սլովենիայի Ռուսեն քաղաքում այսօր մեկնարկել է օդամղիչ հրաձգության միջազգային վարկանիշային մրցաշարը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մրցանակակիրներին կշնորհվեն ամռանը Լեհաստանում կայանալիք Եվրոպական երրորդ խաղերին մասնակցելու ուղեգրեր:
Մասնակիցենրի թվում են Հայաստանի ներկայացուցիչներ, ատրճանակավարներ Էլմիրա Կարապետյանը, Բենիկ Խլղաթյանը և հրացանակիր Հրաչիկ Բաբայանը: Նրանց մրցավայր է ուղեկցել վաստակաշատ մարզիչ Անդրանիկ Այվազյանը:
Մրցավարտից հետո նշած քառյակը կուղևորվի Խորվաթիա և կմասնակցի նույն սցենարով կայանալիք մրցաշարին:
Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, վաստակավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը ասաց, որ մարզաձևի առաջին կարևոր ստուգատեսը կհանդիսանա փետրվարի 8-10-ը Երևանում նշանակված Հայաստանի առաջնությունը: Միջոցառմանը կմասնակցեն մեր բոլոր առաջատարները, քանզի մրցումների արդյունքներով կհամալրվի երկրի գլխավոր թիմը: Լավագույն մեր ինը նշանառուներ այնուհետև կմեկնեն Լեհաստանի Վրոցլավ քաղաք և կմասնակցեն փետրվարի 17-ից մարտի 4-ը կազմակերպվելիք ուսումնամարզական հավաքին: Ավարտից հետո, Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում, մարտի 5 -12-ը, թիմը հանդես կգա Եվրոպայի առաջնությունում: Ստուգատեսը վարկանիշային է և մրցաձևերի լավագույն երկու մրցանակակիրներին կհանձնվեն Փարիզի օլիմպիական խաղերի մասնակցության ուղեգրեր:
Այսքանն է նախատեսված տարվա առաջին եռամսյակի համար:
Նշվում է, որ Հայաստանի մարզիկներից առայժմ օլիմպիական արտոնագիր ունի միայն հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը: