Քրիստոսի անվանակոչության տոնն է
Հայաստանյան Առաքելական եկեղեցին այսօր նշում է Քրիստոսի անվանակոչության տոնը։
Ըստ հրեական օրենքի` ծննդյան 8-րդ օրը Հիսուս, ինչպես նորածին ամեն մի արու զավակ, թլփատվեց և անվանակոչվեց: Այդ մասին վկայում է Ս. Ղուկաս Ավետարանիչը. «Եվ երբ ութ օրերը լրացան, և նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում» (Ղուկ. 2:21): «Հիսուս» եբրայերեն բառ է, որ նշանակում է փրկիչ:
Ս. Գաբրիել հրեշտակը, Սուրբ Աստվածամորն ավետելով Աստծո Որդու Ծննդյան մասին, պատվիրեց Մանկան անունը Հիսուս դնել: Այս մասին կրկին վկայում է նույն Ավետարանիչը. «Եվ ահա դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես» (Ղուկ. 1:31): «Հիսուս» անվանը զուգահեռ Փրկչին տրվում է նաև «Քրիստոս» անունը: Այն հունարեն բառ է, որ նշանակում է «Օծյալ» և համապատասխանում է եբրայերենի «Մեսիա»-ին:
Qahana.am-ից տեղեկանում ենք, որ Փրկչի անվանակոչության տոնին հայ առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ։
Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը գրում է.«Այսօր մեր Տիրոջ անվանակոչության տոնն է, երբ եկեղեցում ընթերցվում է տարվա ավետարանական ամենակարճ հատվածը․ «Երբ ութ օրերը լրացան, և Նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղիացվել մոր որովայնում» (Ղուկ․ 2․ 21)։
Քրիստոսի Եկեղեցու կյանքում թլփատությունը մեկնաբանվել է իբրև Ս․ Մկրտության խորհրդի խորհրդապատկեր Հին Ուխտում։ Ինչպես հրեական սովորության համաձայն ութերորդ օրը մանուկներին թլփատում էին, այնպես էլ Եկեղեցին օրենք սահմանեց, որ եթե որևէ խանգարող հանգամանք չկա, ապա մանկանը մկրտեն ութ օրականում։ Մկրտությամբ մարդ դառնում է Եկեղեցու անդամ և քրիստոնյա։
Անվանակոչության տոնը նաև մտորել է տալիս ընդհանրապես մարդու կյանքում անվան կարևորության մասին։ Ուստի ծնողներն իրենց զավակների անվանադրությանը պետք է պատասխանատվությամբ մոտենան»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան