Թուրքիան պարգև է սահմանել Էրդողանին քննադատող բասկետբոլիստ Ֆրիդոմի մասին տեղեկությունների համար
Թուրքական իշխանությունները 10 միլիոն թուրքական լիրա (մոտ 500 հազար դոլար) պարգև են առաջարկել Բասկետբոլի ազգային լիգայի (NBA) նախկին խաղացող Էնես Կանտեր Ֆրիդոմի ձերբակալությանը նպաստող տեղեկություններ հայտնելու համար։ Լուրը հայտնում է «Գազետա ռու»-ն:
Ամերիկայի քաղաքացի թուրք բասկետբոլիստը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բուռն քննադատն է։
30-ամյա Ֆրիդոմը ճանաչվել է ահաբեկչական կազմակերպության անդամ և պաշտոնապես հայտնվել հետախուզման մեջ։ Նա ներառված է Թուրքիայի ՆԳՆ «գորշ ցուցակում»՝ «հետախուզվող ահաբեկիչների ցուցակում»։
«Սա իրավիճակը շատ վտանգավոր է դարձնում։ Նախկինում թուրքական հետախուզությունն էր միայն որսում ցուցակի մարդկանց, սակայն մրցանակի հայտարարումից հետո բոլորն են որսալու նրանց»,-մարզիկի խոսքերն է մեջբերում The New York Post-ը:
Թուրքական իշխանությունները 2017 թվականին չեղարկել են Ֆրիդոմի անձնագիրը և փորձել արտաքսել նրան Ռումինիայից։ Դրանից հետո բասկետբոլիստը ստացել է ԱՄՆ քաղաքացիություն։
Հարակից հրապարակումներ`
- Հակաէրդողանական հայացքներով թուրք բասկետբոլիստը փոխել է թուրքական ազգանունը
- Եթե կանգնած լինեի Էրդողանի կողքին, կթքեի նրա երեսին. թուրք բասկետբոլիստ
- Ահաբեկչությունը նոր դեմք ունի. Թուրք բասկետբոլիստը՝ Էրդողանի մասին