Այսօր Արցախի ճանաչման հարցը պետք է դարձնել օրակարգ. Վահե Հակոբյան
«Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են ամրապնդել իրենց որդեգրած քաղաքականությունը, որ որևէ գործ չունեն Արցախի հետ»,-«Լույս թունելի վերջում» հարթակի չորրորդ՝ «Շրջափակված Արցախ. Ադրբեջանի ահաբեկչության, միջազգային անգործության և հանցավոր անտարբերության ճիրաններում» խորագրի ներքո քննարկմանն ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։
Նա նշեց, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի 6-րդ կետի առնչությամբ իրենք որևէ գործ չունեն։ Ըստ Վ.Հակոբյանի, սուտ է ու մանիպուլյացիա, Փաշինյանի ստորագրությունն է դրված նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակ, և ուզի, թե չուզի կրում է պատասխանատվություն՝ չկատարաված պայմանավորածությունների համար։
«Աշխարհաքաղաքական բախումների, մեծ խաղերի մեջ Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը փորձում են իրենց մանր ու փոքրիկ խաղիկները տանել, փոխանակ հարցեր ուղղեն նույն ռուս խաղաղապահ առաքելությանը, իսկ այդ հարցերը կան, օբյեկտիվ են ու ակնկալել պատասխաններ։ Բայց անում են հակառակը, շարունակում են փնովել խաղաղապահների հեղինակությունը, ինչով հող են նախապատրաստում ներգրավելու Արևմուտքը»,- ասաց Վահե Հակոբյանը։
Նա կարևորում է Հայաստան, Սփյուռք, Արցախ՝ բոլորի եղած ռեսուրսների կոնսոլիդացիան՝ ուղղված այս փուլում Արցախի նորանշանակ նախարար Սերգեյ Ղազարյանի համար հնարավորություն ստեղծել և կազմակերպել նրա հանդիպումները մեր բոլոր բարեկամ երկրների ղեկավարության հետ, որտեղ պարզ ու հստակ մեսիջ պետք է փոխանցել. «Այսօր այլընտրանք չկա, քան կիրառել «անջատում հանուն փրկության» բանաձև, այսինքն Արցախի ճանաչման հարցը պետք է այսօր սարքել օրակարգ, օրակարգում համար մեկ, միաժամանակ բացառենք, օրակարգերից հանենք, դուրս շպրտենք այն գաղափարը, որտեղ անգամ թեթև հնչում է թեզ, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, դա պետք է իսկապառ բացառենք։
Ջանքեր գործադրենք միջազգային մեդիա դաշտում, որպեսզի նույն միջազգային հանրությունը հասկանա, որ միայն հայտարարություններ անելով, դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան, հռետորաբանությունը, ինչը բավարար պայման չէ, ընդ որում հաջորդ օրը երբ նույն Ադրբեջանի հետ կնքում են պայմանագիր։ Ադրբեջանը պետք է հասկանա, ընկալի, որ նման տեռորիստական հռետորաբանությամբ, քայլերով կընկնի անդառնալի հետևանքների մեջ։
Մենք բոլորս պետք է ներգրավենք այս պրոցեսների մեջ»։
Վահե Հակոբյանն ընդգծեց, քանի կա այս իշխանությունը, որևէ լուրջ հարց չեն կարող բարձրացնել, լուծել։
«Կարևորում ենք Հայ Առաքելական եկեղեցու դերն ու նշանակությունը։ Կարծում եմ՝ այսօր եկեղեցին ոչ բավարար ջանքեր է կիրառում առկա պրոբլեմներից երկիրը դուրս բերելու ուղղությամբ»,- ասաց քաղաքական գործիչը։
Նա կրկնեց, որ ռուս խաղաղապահներին պետք է ուղղել շատ հարցեր, որոնք օբյեկտիվ են ու փորձել ստանալ դրանց պատասխանները, այլ ոչ թե փնովել, քանի որ այսօր միակ երաշխավորն են, որ Արցախում ապրող մեր հայրենակիցներն ապրում են իրենց հողի վրա անգամ շրջափակման մեջ։
Վահե Հակոբյանի խոսքով, ռուս խաղաղախահներին այլընտրանք չկա։
«Պետք է բարձրացնել նրանց քանակային ավելացման հարցը, քանի որ, ակնհայտ է, որ այսօր 1980 հոգին բավարար չեն լուծելու այն հարցերը, որոնք դրված են առաքելության վրա։
Պետք է բարձրացնել ժամկետների վերաբերյալ հարց, որ անժամկետ լինի։
Օդային կապ լինի Ստեփանակերտի ու արտաքին աշխարհի միջև, ինչը կլինի այլընտրանք և Ադրբեջանը վերջապես կհասկանա, որ ճանապարհը փակելով հարց չի լուծվում։
Սրանք այն կիրառելի քայլերն են, որոնք մենք այսօր պետք է անենք, ինչը հնարավոր է Հայաստան, Սփյուռք, Արցախ լիարժեք կոնսոլիդացիայի դեպքում»,- ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահը Վահե Հակոբյանը՝ ընդգծելով, որ մենք դեռ շատ մեծ պոտենցիալ ունենք, ցանկության դեպքում կկարողանանք հաղթահարել նաև այս ճգնաժամը, որի առջև կանգնած ենք։
Հարակից հրապարակումներ`
- Իրավիճակի հանգուցալուծման խոչընդոտը Հայաստանի գործող իշխանությունն է. Տիգրան Աբրահամյան
- Արցախում տեղի ունեցողը քաղաքական ճգնաժամ է, որն արցախցուն բերում է բարոյահոգեբանական տեռորի. Հռիփսիմե Ստամբուլյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան