«Պրոֆիլ» հրատարակչությունն ընթերցողին հանձնեց Հերմինե Մխիթարյանի «Ընտրված պարտություն» գիրքը
«Պրոֆիլ» հրատարակչությունը հրատարակել է միջազգայնագետ Հերմինե Մխիթարյանի «Ընտրված պարտություն» գիրքը, որն անդրադարձ է 2018 թ. հաջորդած տարիներին, արված ու չարված քայլերին, դիվանագիտական սխալներին ու բացթողումներին, 44-օրյա պատերազմին, դրա պատճառներին ու հետևանքներին։ Այս գիրքն արցախյան հակամարտության պատմության առանցքային փուլերից մեկի՝ արհավիրքի, կորստի ու պարտության երեք տարիների մասին է։
«Գրքի նախաձեռնությունը ծնվել է 2021 թվականի հունիսի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո։ Դա հերթական ընտրությունն էր նաև մեր՝ որպես հանրություն, ընտրությունն այն շարունակվող պարտության, որին արդեն ականատես ենք եղել։ Գրքում ներկայացած են 2018-2021-ի հունիս ընկած ժամանակահատվածում Հայաստանի գործող իշխանության կողմից իրականացված քայլերը, գործողությունները, որոշ դեպքերում անգործությունը, բոլոր այդ քայլերը, հերթական քայլերը, կարծես թե մոտեցնում էին այն արհավիրքը, որին ականատես եղանք և որը շարունակվում է մինչ այսօր»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հերմինե Մխիթարյանը։
Նրա խոսքով, «Ընտրված պարտություն»-ը ուղղված է ոչ միայն իշխանությունների կողմից այս ընտրությանը, դա նաև մեր բոլորի՝ որպես հանրություն և մեզանից յուրաքանչյուրի ընտրությունն էր, ընտրությունը, որը սկսվեց 2018 թվականի ապրիլ- մայիսին, վերահաստատվեց 2018 թ. դեկտեմբերին, 2021 թվականի հունիսին ամրագրվեց։
«Բովանդակային առումով փորձել ենք անդրադառնալ ամբողջ այդ ժամանակահատվածին, փորձել ենք ներկայացնել այն ամենը, ինչ կօգնի մտածել և յուրաքանչյուր ընթերցողի ինքն իր մեջ գտնել հարցերի պատասխաններ, ընդ որում հարցեր, որոնք շարունակում են ակտուալ մնալ նաև այսօր»,- ասաց հեղինակը։
Նրա խոսքով, 2018-ից իշխանության եկածները շարունակում են պաշտոնավարել, դրա հետ զուգահեռ շարունակվում է այն արհավիրքը, կորուստների, ցավի շղթան, որը սկսվել էր։
«Եթե մենք ուզում ենք ինչ-որ բան փոխենք, ինքներս մեր մեջ պետք է որոշենք փոխել այդ ընտրությունը»,- ընդգծեց Հ. Մխիթարյանը։
Հեղինակը նշեց, որ գրքում փորձել են հնարավորինս զերծ մնալ պնդումներ անելուց կամ լուծան տարբերակներ առաջ քաշելուց. «Գրքի նպատակը հարցեր առաջ բերելն է, մասնագիտական վերլուծությանը զուգահեռ առաջ քաշել հարցեր, որոնք յուրաքանչյուրին պետք է ստիպեն մտածել և իրենք իրենց մեջ կգտնեն այդ պատասխանները»։
Ըստ նրա, գիրքն ընթերցելն օգտակար կլինի մասնագիտական շրջանակներին, բոլորին, փորձել են հնարավորինս մատչելի լեզվով գրել։
«Յուրաքանչյուրս այսօր կանգնած ենք այս հարցերի առաջ, յուրաքանչյուրին հուզում են այդ հարցերը»,- ասաց Հերմինե Մխիթարյանը։
Գրքի շնորհանդեսին ներկա «Պրոֆիլ» հրատարակչության հիմնադիր, քաղաքագետ Արմեն Մինասյանն ասաց, որ գրքում չկար որևէ բան, որն իրեն հայտնի չէր, բայց գիրքն ամբողջությամբ իր համար նորություն էր, քանի որ հեղինակին հաջողվել է եղած փաստերից, առանց ավելորդ եզրահանգումների ստանալ պատկեր։
«Ինձ օգնեց այս աշխատությունը հետահայաց նայել տեղի ունեցածին և ևս մեկ անգամ գնահատել՝ ինչի հետ ենք մենք առնչվել, ցավոք սրտի, առչվում ենք մինչ այսօր»,- ասաց Արմեն Մինասյանը։
Նա նշեց, որ հաճելի էր աշխատելը մարդու հետ, ով իսկապես տիրապետում է նյութին, վերուծում է, ընթացքում նորություններն ադապտացնում է ու մտցնում տեքստի հյուսվածքի մեջ։
«Հեղինակին հաջողվել է խիստ օբյետիվություն պահել ու ներկայացնել միայն փաստերը։ Փաստերից բացի ուրիշ ոչինչ չկա այս գրքում։ Այդ փաստերի ճիշտ շարադրանքն ու ժամանակագրական առումով դասավորությունը, գրքի կառուցվածքը հնարավորություն է տալիս տեսնել պատկերը»,- ասաց «Պրոֆիլ» հրատարակչության հիմնադիրը։
Քաղաքական գիտությունների թեկնածու Արման Սաղաթելյանը նշեց, որ անկախ նրանից, թե ով որ լեզվով կկարդա, գիրքի շարադրման ընթացքում ամբողջությամբ պահպանված է գիտական տեքստերին բնորոշ գիտելիքի օբյեկտիվության մեթոդաբանության սկզբունքները, այսինքն մաքսիմալ անաչառություն, ինչը բարդ բան է փորձագետի համար։
«Հասկանում ենք չէ՞, որ սա մեր երկիրն է, դժվար է էմոցիա չդնել, կողմնակալություն չդրսևորել, բայց սա հաջողվեց և սա բացառապես փորձագիտական տեղեկատվական գիտական աշխատություն է»,- ասաց Սաղաթելյանը։
Նրա խոսքով, այս գիրքը կարևոր կլինի փորձագիտական շրջանակների, զանգվածային լրատվամիջոցների, քաղաքագետների, սոցիոլոգների, միջազգային քաղաքանությամբ հետաքրքրվողների, ապագայում պատմաբանների, իրավապահ համակարգի համար։
«Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, վերլուծաբան Կարեն Բեքարյանը վստահություն հայտնեց, որ Հերմինե Մխիթարյանի պարագայում սա առաջին, բայց վերջին աշխատությունը չէ, վստահ է, որ ինչ-որ օր սա վերափոխվելու է գիտական աշխատանքի։
Արմեն Մինասյանն ասաց, որ մեծ ցանկություն ունեն այն հասու դարձնել նաև օտարալեզու լսարանին։
Գիրքը «Պրոֆիլ» հրատարակչությունը լույս է ընծայել «Հայացք» մատենաշարի շրջանակներում, որը կյանքի են կոչում՝ համագործակցելով «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի հետ։
Հովանավորն է «Լույս» հիմնադրամը։
Արմեն Մինասյանը երախագիտություն հայտնեց հիմնադրամին. «Իսկապես այդ ինստիտուտն իր առաքելությանը հավատարիմ նման նախաձեռնություններին շատ ջերմ կերպով աջակցություն է ցուցաբերում։ Մեր առաջին շփման արդյունքում ոչ միայն պատրաստակամություն է եղել աջակցել, այլև խրախուսանք, որ որևէ եղանակով այս գործունությունը շարունակենք»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Բավականին լուրջ խնդիրներ ունենք էլիտաների հետ, այդ թվում փորձագիտական, գիտական շրջանակներում. Արման Սաղաթելյան
- Ինչպես է Կարեն Բեքարյանը շրջափակված Արցախից հասել Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան