Իրանի ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա՝ քննարկելու Սիրիայում տիրող իրավիճակը
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը երեքշաբթի կմեկնի Թուրքիա, որտեղ կքննարկի Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարների վերջին բանակցությունները։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ISNA-ն։
«Պլանավորված ծրագրի համաձայն՝ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարն իր թուրք գործընկերոջ (Մևլութ Չավուշօղլու) հրավերով երեքշաբթի օրը կմեկնի Թուրքիա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գործակալության տվյալներով՝ Իրանի արտգործնախարարը Թուրքիայում կհանդիպի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները, վերջին իրադարձությունները և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության ղեկավարների վերջին բանակցությունները։ Նաև քննարկման հավանական թեմաներից մեկը կլինի Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի Թուրքիա մեկնելու ժամկետը։