Իտալիայում ձերբակալել են 30 տարի հետախուզման մեջ գտնվող «Կոզա Նոստրա»-ի ղեկավարին
Իտալացի կարաբիներները ձերբակալել են «Կոզա նոստրա» մաֆիոզ կազմակերպության առաջնորդներից մեկին՝ Մատեո Մեսինա Դենարոյին։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ուժայինների հրամանատարության ներկայացուցիչը։
Դենարոն փախուստի մեջ է 1993 թվականից և գլխավորում է Իտալիայի ամենափնտրվող մաֆիոզների ցուցակը։ Ձերբակալությունն իրականացվել է Սիցիլիայում՝ Պալերմո քաղաքի մասնավոր կլինիկաներից մեկում, որտեղ նա բուժում էր ստանում։
Ձերբակալությունը տեղի է ունեցել սիցիլիական մաֆիայի առաջնորդ Տոտո Ռիինայի՝ Գազան մականունով, ձերբակալության 30-ամյակի հաջորդ օրը։ Ռիինայի, իսկ հետո նրա իրավահաջորդ Բեռնարդո Պրովենցանոյի ձերբակալությունից հետո նա դարձել է «Կոզա Նոստրա»-ի ամենահզոր ղեկավարներից մեկը։
Քննիչները ենթադրում էին, որ Մեսինա Դենարոն շարունակել է ղեկավար դեր խաղալ հանցավոր կառույցում նույնիսկ փախուստի ժամանակ։
Իտալիայի իրավապահ մարմինները Մեսինա Դենարոյին փնտրում էին 1993 թվականի ամռանից, երբ նա առանց հետքի անհետացավ Տոսկանայի Ֆորտե դե Մարմի ծովափնյա քաղաքում արձակուրդի ժամանակ։ Դրանից հետո ուժայինները բազմիցս բերման են ենթարկել նրա մտերիմներին, սակայն նա կարողացել է թաքնվել արդարադատությունից։ Ըստ որոշ վկայությունների՝ Մեսինա Դենարոն ամբողջովին փոխել է իր արտաքինը՝ ենթարկվելով պլաստիկ վիրահատության։