Ադրբեջանը կոպտորեն խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը․ Պարույր Հովհաննիսյան
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է Էստոնիայի ԱԳՆ քաղաքական հարցերով պետքարտուղար Կիլիկե Սիլաստե-Էլինգին։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
«Հանդիպման մասնակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Էստոնիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և երկկողմ սերտ համագործակցությունը՝ հիմնված ամուր պատմական կապերի և համընդհանուր արժեքների վրա։ Ընդգծվել է քաղաքական երկխոսության բարձր մակարդակը պահպանելու կարևորությունը։
Զրուցակիցները բարձր են գնահատել Եվրամիության շրջանակներում Հայաստանի և Էստոնիայի միջև համագործակցությունը, հատկապես՝ ՀՀ-ԵՄ գործընկերության համատեքստում, և վստահություն հայտնել, որ ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիակատար իրականացումը կխթանի երկու երկրների միջև հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։
Պարույր Հովհաննիսյանը գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից կեղծ բնապահպանական հիմնավորումներով Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի վրա: ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները և միջազգային մարդասիրական իրավունքը»,-ասվում է հաղորդագրությունում։