Հրանտ Մելիք-Շահնազարյան. Արցախը հայկական պահելու քայլերից մեկը նոր պատերազմին պատրաստվելն է
«Մի քանի տարի առաջ որևէ մեկի մտքով չէր կարող անցնել, որ նման հարց կծագի քաղաքական օրակարագում։ Բայց ցավոք սրտի, իրողություններն այնպիսին են, որ պետք է հարցերը դնել այնպես, ինչպես կան և դրանց ատասխանել հնարավորինս բաց ու անկեղծ»,- «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի կազմակերպած «Ինչպե՞ս պահել Արցախը հայկական» թեմայով փորձագիտական քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ, կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Նրա խոսքով, մեկնարկած քննարկումների շարքի նպատակն է բնորոշելու առկա մարտահրավերները, իրավիճակի ողբերգականությունն ընդունել ոչ թե կայացած փաստ, այլ գործողությունների մեկնակետ՝ որտեղի՞ց ենք սկսում աշխատել, որտե՞ղ ենք որպես ժողովուրդ ու պետություն ցանկանում հասնել։
Բանախոսը ցավով նշեց մեկ այլ խնդրի՝ անկեղծության բացակայության մասին։
«Հատկապես քաղաքական շրջանակներում անկեղծության մեծ դեֆիցիտ կա։ Մենք փորձում ենք հարցերին տալ պատասխաններ, որոնք ականջահաճո են ժողովրդի, արտաքին ու ներքին գործընկերների համար, բայց իրականում քաղաքական վերնախավը, էլիտան վախենում են ժողովրդին ասել բաներ, որոնք ակնհայտ են։ Գոնե մենք քաղաքականգիտական ու փորձագիտական շրջանակներում պետք է որևէ բանով կաշկանդված չլինենք և հստակ ասենք մեր հանրությանը, որ Արցախը հայկական պահելու քայլերից մեկը նոր պատերազմին պատրաստվելն է»,-ասաց նա։
Քաղաքագետի խոսքով, հանրության մեջ մեծ է նոր բախումների, պատերազմի վերաբերյալ մտահոգությունը։
«Բայց որևէ մեկը հստակ չի ասում, որ այդ պատերազմն առաջին հերթին պետք է հենց մեզ՝ որպես ժողովուրդ, որպես երկիր ու պետություն։ Դա մեզ համար անհրաժեշտ պատերազմ է, որն ուղղված է լինելու ոչ թե եղածը պահելու, այլ կորցրածը հետ բերելու համար։ Թող մեզ կոչեն ռևանշիստ, ինչ ուզում են ՝ կոչեն։ Սակայն փաստն այն է, որ ներկայիս ռեսուրսներով Հայաստանն ու Արցախը կենսունակ չեն, մրցունակ չեն տարածաշրջանում, չեն կարող լուծել մեր ժողովրդի անվտանգության տարրական խնդիրները, ամենապարզ հարցերը»,-ասաց Մելիք-Շահնազարյանը։
Նրա համոզմամբ, Հայաստանին իր շահը սպասարկելու, մրցակցային դառնալու համար պետք է պատերազմ ու հաղթանակ, ժողովրդին պետք է դրան պատրաստել։
«Մենք մեր ժողովրդին պետք է ասենք, եթե ուզում ենք ունենալ հայկական Արցախ, հայկական Հայաստանի Հանրապետություն, մենք ինքներս պետք է պատրաստվենք այդ պատերազմին, գնանք կորցրածը վերականգնելու ճանապարհով»,-ասաց նա՝ ընդգծելով, որ Արցախը հայկական պահելու քայլերից մեկն էլ հատվածային լուծումներից հրաժարվելն է։
Քաղաքագետը պարզ օրինակ բերեց. ունենք օկուպացված Քաշաթաղի շրջանում այսպես կոչված Լաչինի միջանցքի փակ լինելու հանգամանք։
«Վստահ եմ՝ առաջիկայում այդ ճանապարհը բացվելու է, բայց ինչպե՞ս ու ինչո՞ւ։ Եթե մենք տեսնենք «ինչպե՞ս ու ինչո՞ւ»-ի մեջ պարտվողական, զիջողական էլեմենտներ, ուրեմն ձեզ ասում եմ՝ ավելի լավ է ճանապարհը փակ մնա, մնանք այս կացության մեջ։ Ցանկացած զիջողական էլեմենտ պարտություն է, ինչքան էլ ներկայացվի որպես ոմանց հաղթանակ, իսկ հետևանքը լինելու է ողբերգական։ Եթե Արցախի ժողովուրդը տեսնի, որ ճանապարհը բացվել է իրենց պայքարի արդյունքում, ոչ թե ինչ-որ բան զիջելու, կմնա Արցախում։ Հակառակ պարագայում բաց ճանապարհ նշանակում է արտագաղթ Արցախից, թշնամին տեսնելով՝ դրա արդյունավետությունը, հաճախ է դիմելու նման քայլերի։ Մենք պետք է պատասխանատվություն ստանձնենք մեր հայրենիքի, ժողովրդի ու ի վերջո մեր զավակների առջև, քաղաքական իրավիճակի մեծագույն խնդիրներից մեկն այն է, որ չկա պատասխանատվություն ստաձնող, կա պայքար արտաքին հովանավորների աչքին լավ երևալու համար, կա պայքար միմյանց դեմ միավորներ հավաքելու համար, իրական պատասխանատվություն ստանձնող թեկուզ վատ արդյունքի, իմ նշած պատերազմին պատրաստվելու համար չկա»,-նշեց նա։
Հրանտ Մելիք-Շահնազարյանը նկատեց՝ պետք չէ ժողովրդին խաբել ու ասել, որ ռուս խաղապահներն են Արցախի անվտանգության պատասխանատուն, այո, նրանք պետք է կատարեն ստանձնած պարտավորությունները, բայց պատասխանատուն չեն։
«Պետք է ամեն հայ, ամեն մարդ, ամեն փորձագետ ու առավել ևս ամեն քաղաքական գործիչ իր անձնական պատասխանատվությունը զգա ու գործի դրա շրջանակում»,-ասաց նա։
Քաղաքագետը, որպես Արցախը հայկական պահելու հաջորդ կարևոր գործոն նշեց միասնական նպատակների ձևավորումը, միասնականությունը։
«Հենրիկ Մալյանի «Եռանկյունի» ֆիլմում շատ լավ ներկայացված է խնդիրը՝ հինգ հոգով վեց երգ ենք երգում, մինչդեռ հարյուր հոգով պետք է մեկ երգ երգենք։ Այս խնդրի վատագույն օրինակը երկու օր առաջ Արցախում տեղի ունեցած զարգացումներն են, մենք տեսանք, որ լինելով շրջափակված, հումանաիտար աղետի առջև կանգնած, քաղաքական էլիտաները զբաղված են ոչ թե դրանց միասնական լուծում տալու, այլ արտահերթ ընտրություններ կազմակերպելու հարցով։ Սա գալիս է այն բանից, որ չկա միասնական նպատակ, սա կարևոր խնդիր է, որն անպայման պետք է լուծել հայկական Արցախ ու Հայաստան ունենալու համար»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան