ՀԱՊԿ զորավարժությունները ՀՀ-ում չանցկացնելը որևէ ձևով չի նվազեցնում Ադրբեջանի հնարավոր հարձակման հավանականությունը. Աբրահամյան
«Արցախում, ըստ էության, կոնսենսուս կա առ այն, որ Հայաստանի՝ Արցախի հարցով որդեգրած քաղաքականությունը հակասում է Արցախի, Արցախյան շարժման, Արցախի ազատագրական պայքարի հիմքում եղած մոտեցումներում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նա նշեց, որ Արցախն այս փուլում ունի իրավիճակի հանգուցալուծման, առհասարակ գործընթացի շարունակելիության սեփական մոտեցումը, որն էականորեն տարբերվում է Հայաստանի պաշտոնական դիրքորոշումից։
«Ակնհայտ է, որ կարևորագույն հարցերի հետ կապված Արցախի և Հայաստանի իշխանություններն ունեն հակասություններ, բայց որոշակի ուղղություններով, հատկապես սոցիալական, տնտեսական, բնականաբար, որոշակի մակարդակի վրա հարաբերություններ ընթանում են»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Տ.Աբրահամյանի գնահատմամբ, Լաչինի միջանցքի փակման հետ կապված Հայաստանի իշխանությունների աշխատանքն այս պահին որևէ ձևով չի կարող գոհացուցիչ լինել, տեսանելի չէ, թե ինչ աշխատանք է տարվում։
«Ավելին ասեմ, հայաստանյան իշխանությունների այն հայտարարությունները, որ Արցախը պետք է Ադրբեջանի հետ բանակցի, խոսի և այդ հարցն այդ տիրույթում է, ինքնին ցույց է տալիս, որ Հայաստանը, ըստ էության, քաղաքական առումով որևէ լուրջ քայլ չի գործադրում այս հարցի հանգուցալուծման ուղղությամբ»,- ասաց Աբրահամյանը։
Նրա խոսքով, Արցախի անելիքներն այս իրավիճակում շատ սահմանափակ են, քանի որ ամենատարբեր փուլերում, Արցախն անկախ նրանից, որ իր ունեցած առավելագույն հնարավորություններն օգտագործել է, հիմնական խողովակները եղել են Հայաստանի, Հայաստանի բարեկման, դաշնակից երկրների միջոցով, իսկ ՀՀ իշխանությունները ոչ միայն իրենք են գործընթացից հետ կանգնել, այլ էականորեն սահմանափակել են այն էֆեկտիվ խողովակները, որոնք գործել են ի նպաստ Հայաստանի և Արցախի։
Ըստ Տիգրան Աբրահամյանի, Հայաստանի իշխանություններին բնութագրող առաջնային հատկանիշներից մեկը անպատասխանատվությունն է, որն արտահայտվում է հնարավոր բոլոր ուղղություններով՝ սկսած հայ ժողովրդի նկատմամբ ստանձնած պարտավորություններից, վերացրած Սահմանադրությամբ, օրենքներով։
Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում Փաշինյանի այն հայտարարությանը, որ ՀԱՊԿ զորավարժություններն Հայաստանում անցկացնելն ինքնին վտանգ է Հայաստանի համար, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Եթե առաջնորդվենք այդ մոտեցմամբ, ապա Հայաստանի Զինված ուժերի որևէ զորավարժություն, մարտունակության բարձրացմանն ուղղված որևէ միջոցառում, չպետք է իրականացվի։
Պետք է նկատել, որ զորավարժությունների անցկացումը, առաջին հերթին, ուղղված է Զինված ուժերի մարտունակության բարձրացմանը, ՀԱՊԿ-ի ֆորմատում այն ուղղված է ոչ միայն մարտունակության բարձրացմանը, այլ նաև՝ զորքերի գործողությունների ներդաշնակեցմանը։ Ռուսաստանի քայլը՝ ՀԱՊԿ զորավարժություններ այս տարի Հայաստանում անցկացնել, ունեցել է քաղաքական նշանակություն ու հիմք՝ պայմանավորված Հայաստանում ստեղծված իրավիճակով:
Ես սա որոշակի սատարման քայլ եմ դիտարկում»,- ասաց Տ. Աբրահամյանը։
Ըստ նրա, ՀՀ իշխանությունների՝ այս շրջանում զորավարժությունները Հայաստանում ոչ նպատակահարմար համարելու որոշումն ընկալելի չէ։
«Ակնհայտորեն, սպառնալիքները Հայաստանի ու Արցախի գլխին մեծանում են, ու ՀՀ իշխանությունների քայլը՝ հրաժարվել այս կամ այն զորավարժություններից, որևէ ձևով չի նվազեցնում ադրբեջանական հնարավոր հարձակման հավանականությունը:
Ավելին ասեմ՝ եթե Ադրբեջանը նման նպատակ ունենա, հաստատ առիթը կգտնի ու այդ զորավարժությունները չէ, որ կաշկանդելու կամ նրա համար հնարավորություն են ստեղծելու», - ասաց Տիգրան Աբրահամյանը։