Աբրահամ Գասպարյան. Արցախը հայկական պահելու քայլերից մեկը գաղափարական ու ինստիտուտցիոնալ կոնսոլիդացիան է
«Այսօր ունենք կարևոր մի խնդիր, խոսքը հայկական ռեսուրսների ինվերտարիզացիային է վերաբերում։ Հայությունն ունի՞ պատկեր, թե պատերազմից հետո ռեսուրսներ ունե՞նք, թե՞ ոչ»,-ասաց «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի ղեկավար Աբրահամ Գասպարյանը, որը մասնակցում էր «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի կազմակերպած «Ինչպե՞ս պահել Արցախը հայկական» թեմայով փորձագիտական քննարկմանը։
Նա դեմ է 80-ականների վերջին ու այսօրվա միջև համեմատություն անողների այն պնդումներին, թե այն ժամանակ էլ ոչինչ չունեինք։
«88-ի աշխարհը լրիվ ուրիշ էր, այսօրվա աշխարհը լրիվ ուրիշ տրամաբանությամբ է առաջնորդվում, մենք չունենք մի գլխավոր բան, որը մեր թշնամին ունի։ Խնդիրը վերաբերում է գաղափարական կենտրոնացվածությանը»,-ասաց Գասպարյանը։
Նա նշեց, որ 2018-ին ապագա խունտայի ղեկավարը հայտարարում էր՝ որևէ իզմի չեն հավատում, արդյունքն այն է, որ հայությունը չունի որևէ միասնական մոտեցում, պատկերացում Արցախի, Սյունիքի, Գեղարքունքի, Հայասանի ինքնիշխանության վերաբերյալ։
«Քանի որ բաց ենք խոսելու, եկեք երազանքների գիրկը չընկնենք, չասենք, որ մարդիկ չեն համաձայնելու Տավուշի անկլավների հարցն ի օգուտ Ադրբեջանի լուծելուն։ Ոչ։ Ո´չ։ Եկեք, խոսենք շատ բաց ու հասկանանք, ովքեր են այցելում շրջաններ ու խոսում ժողովրդի հետ, նրանք ինչ պատկերացում ունեն հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին։ Գաղափարական կոլապս է տեղի ունեցել, չենք կարողացել պահել հայության միասնական դիրքորոշումը հայկական տարածքների լինելության կամ պատկանելիության վերաբերյալ»,-ասաց նա։
Ի դեպ, Գասպարյանը Նիկոլ Փաշինյանի՝ Անկախության հռչակագրի վերախմբագրման վերաբերյալ հայտարարությունը որակում է պետականաքանդ գործընթացի շարունակությունը, որը սկսկել է 2013-ից հետո։
«2013-ից սկսած եկեղեցուն հարվածող, բանակին հարվածող, ազգային արժեքները ոտնատակ տվող այս խմբակների գործունեությունը, որոնք սնվում են տարբեր տեղերից, հանգեցրեց նրան, որ ազգային գաղափարի նշաձողն իջեցնում ենք կենցաղի մակարդակի։ Այսօր մարդկանց հրամցվում է մի իրավիճակ, որ 29 հազար 800 քկմ պահելու համար պետք է հրաժարվենք Արցախից»,-ասաց նա։
Փորձագետի համոզմամբ, Արցախը հայկական պահելու քայլերից մեկը գաղափարական ու ինստիտուտցիոնալ կոնսոլիդացիան է։
«Պետությունն այսօր ոչ մի տեղ չի աշխատում՝ ոչ Հայաստանում, ոչ Արցախում։ Հիմա խնդիր կա Արցախում պետական ինստիտուտները չքանդելու, չվերացնելու և այդպիսով Ադրբեջանին մեծ ծառայություն չմատուցելու»,-ընդգծեց նա՝ ավելացնլով, որ արցախցիները միշտ կարողացել են խնդիրները հաղթահարել, կոնսենսուսի գալու հնարավորությունն այնտեղ պատմական հիմքերի վրա է դրված։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան