ԱԺ-ից անոնսում են Ալեն Սիմոնյանի հարցաքննության մասին
Հունվարի 16-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Մասիվի նստավայրում տեղի է ունենալու 2018 թ. Լևոն Երանոսյանի կողմից նռնակի նետման գործով տուժող Ալեն Սիմոնյանի հարցաքննությունը:
Այս տեղեկատվությունը տարածել է ԱԺ մամուլի խոսնակը։ Նկատենք, որ դատարան գործը ստացվել է 2019-ին մարտի 27-ին, երբ Ալեն Սիմոնյանը ԱԺ նախագահ չէր, գործում էլ Ալեն Սիմոնյանը ներգրավված չէ որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ։
Ըստ մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության, Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։