Ուզում եմ հասկանալ ՀՀ գրանցված ավիաընկերությունների արգելքի առեղծվածը, այլ ոչ թե Բերմուդյան եռանկյան. Արթուր Խաչատրյան
Ազգային ժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հիշեցրեց, որ հայկական ավիացիայի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում գրանցված օդանավերի մուտքը դեպի Եվրոպական միություն արգելվել է։ Նա նշեց, որ անցյալ տարի այդ արգելքը դարձյալ երկարաձգվել է։ Ընդդիմադիր պատգամավորը հետաքրքրվեց, թե ի՞նչ է արվում այդ արգելքի պատճառները վերացնելու համար, ե՞րբ վերջապես ՀՀ գրանցված ընկերությունները կկարողանան թռնել դեպի Եվրոպական միություն։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ասաց, որ, օրինակ, հայաստանյան ընկերություններից Flyone Armenian չվերթներ է իրակացնում դեպի եվրոպական երկրներ։
«Երկրորդ, անցած տարի EASA-ի գործընկերները գտնվում էին Հայաստանում և առաջընթաց էին գրանցել նախկինում հայտնաբերված թերությունների վերացման ուղղությամբ։ Մենք ԵՄ հետ կնքել ենք ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիր, որը դեկտեմբերին վավերացվել է։ Դրանով նախատեսված են բազմաթիվ եվրոպական դիրեկտիվաներով նախատեսված ստանդարտների և նորմերի իմպլեմենտացիա Հայաստանի օրենսդրության մեջ, որը պետք է իրականացվի մոտ 2 տարվա ընթացքում։ Կարծում եմ՝ այդ ստանդարտներին համապատասխանեցումը և զուգահեռ դուրս բերումն ավիացիոն իշխանությունների սև ցուցակից, այդ ժամկետում տեղի կունենա»,- ասաց փոխնախարարը։
Արթուր Խաչատրյանը նշեց, որ, հավանաբար, տեղյակ չեն Flyone Armenian-ի մոլդովական գրանցման մասին. «Մոլդովական գրանցումն է պատճառը, որ դեպի Եվրոպական միություն թռնում են։ Խոսում եմ Հայաստանում գրանցված ընկերությունների Եվրոպա թռիչքների մասին»։
«Դուք հարցրեցիք ավիաընկերությունների մասով, ես ասացի ավիաընկերությունը չվերթներ իրականացնում է։ Ինչը կապված է գրանցման հետ։ «Աերոֆլոտի» բոլոր բորտերը մինչև վերջերս գրանցված էին Բերմուդյան կղզիներում, չվերթներ էին իրականցնում։ Ընդունված պրակտիկա է»,- ասաց փոխնախարար Սիմոնյանը։
Արդեն ելույթի ժամանակ Խաչատրյանն ասաց, որ ուզում է հասկանալ ՀՀ գրանցված ընկերությունների արգելքի առեղծվածը, այլ ոչ թե Բերմուդյան եռանկյան առեղծվածը կամ այլ առեղծվածներ։
«Աերեֆլոտը ինչի է գնացել, գրանցվել Բերմուդյան եռանկյունու հենց մեջտեղում կամ գագաթներից մեկի վրա, չգիտեմ, ենթադրում եմ, որ հարկային արտոնությունների խնդիր կա։ Հայկական գրանցում ունեցող օդանավերն արգելվել են անվտանգության առումով վատ համբավի պատճառով։
Կոնկրետ ասեք՝ ինչն է եղել պատճառը և ինչ ակնկալիքներ ունենանք»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։
Ա. Սիմոնյանն ասաց. «Դուք գնում եք ավիաընկերությունների մասով, ես ասում եմ, հայկական ավիաընկերություններ քաղաքացիաների տեսանկյունից, որոնք իրականացնում են չվերթներ դեպի ԵՄ երկրներ, գոյություն ունեն։ Ինչը վերաբերում է, որ գտնվում են EASA –ի սև ցուցակում, ոչ այնքան ավիաընկերություններին է վեաբերում, այլ խոսքն այդ ավիաընկերություններում ստուգումներ իրականացնելու գործընթացին է վերաբերում։ Այսինքն, որպեսզի համապատասխանեն միջազգային ստանդարտներին և այն թերություններ, որոնք հայտնաբերվել են ավիաընկերությունների մոտ, թույլ է տվել եվրոպական մասնագետներին այդպիսի որոշում կայացնել։ Այն կետերով, որոնցով թերություններ էին հայտնաբերվել, աշխատանք է տարվում այդ կետերով։ 50-ի կարգի մանր տեխնիկական և խոշոր թերություններ են եղել, 27-28 շտկվել են այս պահի դրությամբ։ Գործընթացը շարունակվում է։ Հենց կհասնենք ամբողջական թերությունների շտկմանը, կարծում եմ, այս առումով խնդիրը լուծված կլինի»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին