Արցախի իշխանությունն այսօր ունի հստակ լեգիտիմություն, որը գլխավոր առավելությունն է. Արմեն Ռուստամյան
«Շատ կարևոր եմ համարում, որ Արցախում հարցի լայն ներքին քննարկումների արդյունքում բոլորը հանգեցին ճիշտ եզրակացության, որ այսօր գերակա խնդիր կա և հանուն դրա բոլոր մնացած հարցերը պետք է ստորադասվեն»,-ԱԺ-ում ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Արցախի վերջին ներքաղաքական զարգացումներին:
Նրա կարծիքով՝ Արցախը միասնականության հարցում միշտ հայերի համար եղել է առաջնորդող, արցախահայությունը միշտ ցույց է տվել միասնական կամքը և այսօր էլ իր այդ առաքելության տերն է:
«Արցախցիան այսօր ամենաառաջին գծում պայքարող մեր ժողովուրդն է և իրենք չպետք է թույլ տան որևէ քայլ, որը կարող է այդ միասնականությունը խաթարել»,-հայտարարեց Ռուստամյանը:
Նա ժամանակավրեպ համարեց այս փուլում Արցախում նախագահական ընտրություններ անցկացնելը:
«Չլուծված այս կարևորագույն մարտահրավերի պայմանում, որն Ադրբեջանը մեզ պարտադրում է, մենք չպետք է իրավիճակ լարենք, քանի որ Արցախի իշխանությունն այսօր ունի հստակ լեգիտիմություն, որը գլխավոր առավելությունն է, որ ոչ ոք, առնվազը հայակական իրականության մեջ, 2020 թվականի Արցախի ընտրությունները կասկածի տակ չի դրել: Այս իրավիճակում իշխանությունները պետք է տեր կանգնեն այդ լեգիտիմությանը»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը::
Ռուստամյանի խոսքով՝ Արցախի վերջին ընտրությունների ժամանակ բոլորը գիտեին, որ ձևավորվող իշխանությունը պատմական առաքելություն էր ունենալու:
«Առաջնային ընտրված թե՛ նախագահը, թե՛ ԱԺ-ն պետք է տեր կանգնեն իրենց մանդատներին և լեգիտիմությունը պահպանեն, որովհետև այդ լեգիտիմության շուրջ է, որ նաև պետք է ձևավորվի միասնական մթնոլորտը և այս պայքարն ունենա հստակ առաջնորդ»,-Ասաց Արմեն Ռուստամյանը:
Կարծիք հայտնելով, որ կատարվածի մեջ կա նաև Բաքվի գործոնը, որը բացահայտ, նաև Եվրոպայի խորհրդում հայտարարում է, որ Ռուբեն Վարդանյանին պետք է դուրս հանել Արցախից՝ պատգամավորը հայտարարեց. «Ինչ է նշանակում, որ թույլ տալ Ադրբեջանը որոշի, թե Արցախում ով պետք է ստանձնի այս կամ այն պաշտոնը: Այն նշանակում է, որ մենք կամաց-կամաց զիջելով կկորցնենք ընդհանրապես սուբյեկտայնություն: Արդեն իսկ այդ խնդիրն ունենք: Արցախը պետք է ձևավորված և ընտրություններով ամրագրված որպես սուբյեկտ դրսևորվի»:
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Վարդանյան. Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ
- Ադրբեջանը պետք է հասկանա, որ հայերի կյանքի գնով խաղաղությունը չի կարող լինել. Ռուբեն Վարդանյան
- Արայիկ Հարությունյան. Վիտալի Բալասանյանը շարունակելու է ծառայությունը հայրենիքին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին