Դե, շախմատը, գիտեք, էլի սպորտ է՝ ինչ որ լինի…Կարեն Գիլոյան
«Մարզիկը դոպինգի կարիք է զգում, երբ թերի են պատրաստվում, իսկ որպեսզի թերի չպատրաստվեն, պետք է հիմքից լավ լինի: Հիմքերն էլ, կարծում եմ՝ ինձանից լավ գիտեք, դպրոցում առաջին դասարանից ֆիզկուլտուրայով ճիշտ զբաղվելն է»,-խորհրդարանում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:
Նա հայտարարեց, որ հայաստանյան դպրոցների զգալի մասում ֆիզկուլտուրան մղվել է հետին պլան:
«Մի տեղ ասում են, որ ձմռանը դահլիճ չունեն, մի տեղ ասում են՝ ասֆալտի վրա լավ չէ, մի տեղ էլ՝ թե ծնողները չեն թողնում, որ աղջիկները ֆիզկուլտուրային մասնակցեն: Այսինքը, մենք վերադարձել ենք 1800-ականների նիստ ու կացին, դուք ի՞նչ եք անում որպեսզի վերադառնանք գոնե 1980-ականների մակարդակին, երբ դպրոցում ֆիզկուլտուրայի դասավանդումը պարտադիր, անհրաժեշտ էր և որևէ մեկի մտքով չէր անցնում, որ ֆիզկուլտուրայի փոխարեն կարող են մաթեմատիկա կամ աշխարհագրություն պարապել»,-հայտարարեց պատգամավորը:
Կարեն Գիլոյանը խոստովանեց, որ շատ դպրոցներում դահլիճների և մարզական գույքի շատ լուրջ խնդիր կա:
«Բայց նոր կառուցվող դպրոցներում հայտարարված է, որ ամեն ինչ պետք է նորը լինի, նույնիսկ՝ մարզական գույքը: Մենք նաև իրականացնում ենք զանազան ծրագրեր, որոնցով փորձում ենք «ֆիզկուլտուրա» առարկան ոչ միայն գայթակղիչ դարձնել, այլ դրա ՕԳԳ-ն բարձրացնել»,-պատասխանեց Գիլոյանը:
Փոխնախարարը բերեց օրինակ, որ ձյունառատ տարածաշրջաններում Դահուկային սպորտի ֆեդերացիայի հետ իրականացնում են ծրագիր, երբ ֆիզկուլտուրայի դասաժամերին աշակերտները դահուկային սպորտով են զբաղվում, իսկ որոշ շրջաններում Ալպինիզմի ֆեդերացիայի հետ են համագործակցում և փորձում ժայռամագլցմամբ զբաղեցնել դպրոցականներին:
«Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ ունենք ծրագիր, դե, շախմատը, գիտեք, էլի սպորտ է՝ ինչ որ լինի… Ուզում եմ ասել, որ բազմաթիվ ծրագրեր ընթացքի մեջ են»,-ասաց Կարեն Գիլոյանը:
Գեղամ Նազարյանն արձագանքեց՝ ասելով, որ ոչ թե պետք է «նոր դպրոց-նոր գույք» խնդիր դրվի, այլ հին ավանդույթները վերականգնենլ և բերեց իր դպրոցի օրինակը, որի 1986 թվականին կառուցած դահլիճը վերածվել է պահեստի, իսկ դպրոցականներն ընդհանրապես ֆիզկուլտուրայով չեն զբաղվում:
«Ձեր ներկայացրած կառույցի առաջնային խնդիրը պետք լինի ֆիզկուլտուրայի վերականգնումը, որովհետև եթե ֆիզկուլտուրան լավ դասավանդվի՝ բանակում էլ խնդիրները քիչ կլինեն, առողջ էլ կլինենք»,-նկատեց Նազարյանը և առաջարկեց ավտոտնակները հանել և փոխարենը յուրաքանչյուր բակում ֆուտբոլի դաշտ կառուցեն:
Կարեն Գիլոյանն էլ վստահեցրեց, որ խնդիրը նախարարության ուշադրության կենտրոնում է և Նազարյանին հրավիրեց Արարատի մարզ, որտեղ մոտ օրերս կբացվի վերանորոգված մարզադպրոց՝ նոր գույքով:
Հարակից հրապարակումներ`
- Առաջարկում ենք միասնական աշխատանքային խումբ ձևավորել, որը կառաջացնի համահայկական զորաշարժ. Արմեն Ռուստամյան
- Պետական գաղտնիք ստանալու համար պատգամավորին ասում են՝ պետք է ստուգվես՝ շիզոֆրենիկ ես, թե ոչ. Արծվիկ Մինասյան
- Ուզում եմ հասկանալ ՀՀ գրանցված ավիաընկերությունների արգելքի առեղծվածը, այլ ոչ թե Բերմուդյան եռանկյան. Արթուր Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին