Մահացել է իտալացի դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդան
96 տարեկանում կյանքից հեռացել է իտալացի հայտնի դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդան։
Մեծ ճանաչման է հասել 1950-1960 թթ. հատկապես «Ֆան-ֆան վարդակակաչ», «Փարիզի աստվածամոր տաճարը» ֆիլմերում մարմնավորած դերերից հետո։
Անցյալ տարվա օգոստոսին նա հայտարարել էր Իտալիայի խորհրդարանում առաջադրվելու իր մտադրության մասին։ Դերասանուհին ասել է, որ ինքը գնում է ընտրության, քանի որ «հոգնել է անընդհատ վիճող քաղաքական գործիչներից, ովքեր ոչինչ չեն կարող որոշել»։
«Իտալիան վատ վիճակում է, ես ցանկանում եմ ինչ-որ լավ բան անել իմ երկրի համար»,- ասել է Լոլոբրիջիդան Corriere della Sera թերթին տված հարցազրույցում։
Ջինա Լոլոբրիջիդան ծնվել է 1927 թվականին Իտալիայի Սուբիակո քաղաքում։ Սովորել է թատերական ուսումնարանում։ Աշխատել է որպես մանեկենուհի։ Տարբեր պարբերականների կողմից ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկը, 1947 թ. Իտալիայում մասնակցելով գեղեցկության մրցույթի՝ գրավել է 3-րդ տեղը։
Մեծ ճանաչման է հասել 1950-1960 թթ։ Առաջին անգամ գլխավոր դերով հանդես է եկել Կարլո Լիձանիի «Զգույշ ավազակներ» ֆիլմում (1951): Լոլոբրիջիդան նկարահանվել է ինչպես իտալացի, այնպես էլ ֆրանսիացի, անգլիացի, ամերիկացի ռեժիսորների ժապավեններում։ Դրանցից են Ռենե Կլերի «Գիշերային գեղեցկուհիները» (1953), Լուիջի Ձամպայի «Գեղեցկուհի հռոմեուհին» (1954), Քերոլ Ռիդի «Տրապեզ» (1956), Ժյուլ Դասսենի «Օրենքը» (1957), «Բրուկլինցի Աննան» (1958), Քինգ Վիդորի «Սողոմոնը և Շաբայի թագուհին» (1960), Եժի Սկոլոմովսկիի «Թագավորը, դաման և սպասավորը» (1969), Յուջին Մարտինի «Չար մարդկանց գետը» (1971), Ռովեր Բելետիի «Մորս համար վարդեր չգտա» (1973), Թոնի Նավարոյի «Իժերի կծիկը», «Ֆան-ֆան վարդակակաչ» (ռեժ. Քրիստիան-Ժակ, Ժերար Ֆիլիպի հետ, 1952), «Հաց, սեր և ֆանտազիա» (ռեժ. Վիտորիո դե Սիկա 1953), «Տրապեցիա» (ռեժ. Քերոլ Ռիդ, Բերտ Լանկաստերի ու Թոնի Քերթիսի հետ, 1956), «Փարիզի աստվածամոր տաճարը» (ռեժ. Ժան Դելանուա, Էնթոնի Քուինի հետ, 1956) և 1973 թվականին մոսկովյան ութերորդ միջազգային կինոփառատոնում մանկական ֆիլմերի մրցույթում ոսկե մրցանակի արժանացած «Պինոքիոյի արկածները» կինոնկարները։