Քաղաքական 20:03 17/01/2023 Հայաստան

Կարծում ենք՝ ԵԱՀԿ-ն կարող է իր կառույցների ներգրավվածության միջոցով կարևոր դեր խաղալ․ Արարատ Միրզոյան

Արարատ Միրզոյանը ելույթով է հանդես եկել Հայաստանի նախաձեռնած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին, որում, մասնավորապես, ասել է․

«Պարո՛ն նախագահ,
Հարգելի՛ դեսպաններ,
Տիկնայք և պարոնայք,

Պարո՛ն նախագահ, թույլ տվեք ելույթս սկսել՝ շնորհավորելով Ձեզ և Ձեր միջոցով՝ իմ հարգելի գործընկեր նախարար Բույար Օսմանիին ՝ Հյուսիսային Մակեդոնիայի կողմից ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելու կապակցությամբ, և հաջողություն մաղթել ամենամեծ անվտանգային այս կազմակերպությունը ղեկավարելու Ձեր դժվարին գործում՝ մեր ընդհանուր անվտանգային գոտում աննախադեպ հետընթացների և ճգնաժամերի ժամանակներում:

Ողջունում ենք անվտանգության մարդակենտրոն հայեցակարգը՝ Հյուսիսային Մակեդոնիայի նախագահության ուղենիշային մոտեցումը՝ «հանուն մարդկանց» կարգախոսի ներքո։ Այն, թերևս, լավագույնս է ձևակերպված, քանի որ այս կազմակերպությունը ստեղծվել է առաջին հերթին մարդկանց շահերին ծառայելու և նրանց իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու համար։

Վստահեցնում եմ, որ Հայաստանը կաջակցի Ձեր բոլոր ջանքերին, որոնք կնպաստեն ԵԱՀԿ տարածքում ապրող մարդկանց համար ավելի ապահով և անվտանգ միջավայրի ստեղծմանը։

Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Ձեզ, պարո՛ն նախագահ, այս արտահերթ նիստը հրավիրելու և ինձ հնարավորություն ընձեռելու համար՝ խոսելու մեր տարածաշրջանում տիրող իրավիճակի և, մասնավորապես, Լաչինի միջանցքի շրջափակման մասին։

Պարո՛ն նախագահ,

Ես կցանկանայի այստեղ՝ Մշտական խորհրդում ներկայացնեի ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդման հարցում, ինչպես նաև դատական համակարգից մինչև ոստիկանություն, կոռուպցիայի դեմ պայքարից մինչև սոցիալական համախմբվածության և արդարության բարելավման ուղղությամբ լայնածավալ բարեփոխումների հաջող իրականացման գործընթացում Հայաստանի ձեռքբերումները։ Եվ հավատացեք, ես շատ բան կունենայի ասելու։

Ցավոք, 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի և դրան հաջորդած Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի և օկուպացիայի հետևանքով առաջացած անվտանգային ճգնաժամն ու մարտահրավերները սպառնում են Հայաստանի ժողովրդավարությանը` խաթարելով Հայաստանի կառավարության ջանքերը` ուղղված Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը:

Քանի որ 44-օրյա պատերազմից և Հայաստանի տարածքի օկուպացիայից հետո առաջին անգամն է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարը ելույթ է ունենում Մշտական խորհրդում, կցանկանայի համառոտ անդրադարձ կատարել հակամարտության կարգավորման նպատակով ուժի այս լայնածավալ աննախադեպ կիրառման ազդեցությանը ԵԱՀԿ-ի, նրա սկզբունքների ու պարտավորությունների, համապարփակ ու անբաժանելի անվտանգության հայեցակարգի ընկալման վրա։

44-օրյա պատերազմն ուղեկցվել է պատերազմանական հանցագործություններով և միջազգային մարդասիրական իրավունքի համատարած խախտումներով, քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորմամբ, մշակութային ժառանգության ոչնչացմամբ, որոնք պատշաճ կերպով հետաքննված չեն և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել։

Տասնամյակների ընթացքում ԵԱՀԿ-ն մի շարք գործիքներ կամ գործիքակազմ է մշակել, որոնք ուղղված են հակամարտությունների վաղ նախազգուշացմանը և կանխարգելմանը: Ցավոք, մենք պետք է ընդունենք, որ ԵԱՀԿ-ն չկարողացավ արդյունավետ և ժամանակին կիրառել այս գործիքակազմը:

Ավելին՝ պատշաճ և հստակ արձագանքի բացակայությունը հանգեցրեց ուժի՝ որպես հակամարտությունների կարգավորման միջոցի կիրառման համար անպատժելիությանը՝ խախտելով ԵԱՀԿ սկզբունքները, նրա հիմնական փաստաթղթերում ամրագրված պարտավորությունները, և հանգեցնելով միջպետական և ներպետական հարաբերություններում բռնության լեգիտիմացմանը:

2020 թվականի նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանը ջանք չի խնայել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության խնդիրը հասցեագրելու համար։ Ցավոք, ադրբեջանական կողմը բանակցություններին բարեխղճորեն ներգրավվելու փոխարեն շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը։ Եռակողմ հայտարարությունը ստորագրելուց անմիջապես հետո ադրբեջանական կողմը խախտեց հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման պարտավորությունը և հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա, որի արդյունքում գրավվեցին ևս երկու գյուղ և գերեվարվեցին հայ զինծառայողներ։ 2021 թվականի մայիսին և նոյեմբերին, ինչպես նաև 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական կողմը ագրեսիա սանձազերծեց Հայաստանի Հանրապետության դեմ՝ օկուպացնելով Հայաստանի ինքնիշխան տարածքների շուրջ 150 կմ քառ: Այսօր Լաչինի միջանցքի շրջափակմամբ ադրբեջանական կողմը հումանիտար ճգնաժամ է ստեղծել՝ հետապնդելով հեռահար նպատակներ։

2022 թվականի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ, իրենց պնդմամբ՝ իբր բնապահպան ակտիվիստներ, փակեցին Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և մնացած աշխարհի հետ կապող միակ կյանքի ճանապարհը՝ այդպիսով փաստացի մեկուսացնելով Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչներին, որոնցից 30 հազարը երեխաներ են։ Ավելի քան 1000 մարդ, այդ թվում՝ 270 երեխա, չեն կարողանում տուն՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալ: Այդ երեխաների մի մասը բաժանված է ծնողներից և ժամանակավորապես ապաստան է գտել Հայաստանում։

Ի սկզբանե ակնհայտ էր, որ այս շրջափակումը նախապես ծրագրված գործողություն է, որն ուղղորդվում և ֆինանսավորվում է ադրբեջանական իշխանությունների կողմից՝ օգտագործելով, այսպես կոչված, «էկոակտիվիստների» քողարկումը՝ իրենց գործողությունների արժանահավատ հերքման համար։

Ադրբեջանի այս գործողությունները նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի բացահայտ խախտում են հանդիսանում, որտեղ հստակ նշվում է, որ. «Լաչինի միջանցքը մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո։ Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»։

Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը գտնվում է փաստացի շրջափակման մեջ։ Լեռնային Ղարաբաղ սննդի, բժշկական և էլեկտրաէներգիայի մատակարարումները գրեթե ամբողջությամբ դադարեցվել են։ Նախկինում ամեն օր Հայաստանից Լեռնային Ղարաբաղ են ներկրվել շուրջ 400 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ, այդ թվում՝ հացահատիկ, ալյուր, բրինձ, բանջարեղեն, մրգեր, դեղամիջոցներ, մանկական սնունդ։ Այժմ՝ շուրջ հինգ շաբաթ շրջափակումից հետո, բոլոր առաջին անհրաժեշտության ապրանքների խիստ կարիք կա:

Ավելին, ցրտաշունչ ձմեռային պայմաններում 3 օրով գազամատակարարման կանխամտածված ընդհատումը, դրան հաջորդած՝ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում էլեկտրականության և հեռահաղորդակցության գծերի շարունակական խափանումները , Ադրբեջանի իշխանությունների նախապես ծրագրված գործողությունների ևս մեկ վկայություն է։ Սա լրջորեն ազդում է մարդկանց առօրյայի վրա և հանգեցնում է հումանիտար բնույթի մի շարք անբարենպաստ հետևանքների, ինչպիսիք են էլեկտրականության բացակայությունը, դպրոցներում ուսումնական գործընթացի, պետական գերատեսչությունների գործունեության, բիզնեսի խաթարմանը, հիվանդանոցներում և կենսական կարևորություն ունեցող այլ հաստատություններում ջեռուցման խափանմանը: Մարդիկ զրկված են ջեռուցումից և տաք ջրից։ Իշխանությունները սահմանափակումներ են ներմուծել վառելիքի, իսկ այժմ նաև՝ պարենի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի համար։

Մարդասիրական ճգնաժամն օրեցօր սրվում է և պահանջում միջազգային հանրության անհապաղ և հասցեական միջամտություն։ Մենք չենք կարող մի կողմ քաշվել և հետևել, թե ինչպես են մարդիկ դանդաղորեն սովամահ լինում՝ քաղաքական խաղերի և, գուցե, աշխարհաքաղաքական հաշվարկների պատճառով։ Գործելու ժամանակը հիմա է:

Հայաստանի խնդրանքով այս հարցը քննարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Մենք Անվտանգության խորհրդի անդամներին և նաև Գլխավոր քարտուղարին տեղեկացրել ենք սարսափելի իրավիճակի մասին և հորդորել մեր գործընկերներին միջամտել ու դադարեցնել ծավալվող հումանիտար աղետը։

Իհարկե, ես ողջունում եմ մեր գործընկեր երկրների միանշանակ հայտարարություններն ու դիրքորոշումները, որոնք կոչ են անում Ադրբեջանին անհապաղ և առանց նախապայմանների վերացնել շրջափակումը և ապահովել Լաչինի միջանցքով ազատ ու անարգել տեղաշարժը։ Կարծում եմ պետք է ուժեղացնենք ճնշումը Ադրբեջանի վրա, որպեսզի նա կատարի իր հանձնառությունները։ Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի իր գործողությունների համար:

Լեռնային Ղարաբաղի շրջափակումն առանձին դրվագ չէ և պետք է դիտարկվի որպես կյանքի համար անտանելի պայմաններ ստեղծելու միջոցով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտմանն ուղղված Ադրբեջանի լայնածավալ և համակարգված քաղաքականության մի մաս: Ադրբեջանը նպատակ է հետապնդում հարկադրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը լքել իրենց հայրենի հողն ու տները: Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը, որտեղ վերջինս առաջարկում է արտաքսել այն հայերին, ովքեր չեն ցանկանում դառնալ Ադրբեջանի քաղաքացի, վկայում է էթնիկ զտումներ իրականացնելու նրանց մտադրության մասին։

Հրամայական է տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու նպատակով Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկումը, ինչպես նաև՝ ՄԱԿ համապատասխան մարմինների համար Լեռնային Ղարաբաղ մարդասիրական անխափան մուտքի ապահովումը։

Հարգելի՛ գործընկերներ,

Ցուցաբերելով Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքական կամք՝ Հայաստանի կառավարությունը բարեխղճորեն ձեռնամուխ եղավ Ադրբեջանի հետ երեք ուղղություններով բանակցություններին, որոնք են` տարածաշրջանում բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների բացումը, սահմանազատումը և սահմանների անվտանգությունն և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման կամ խաղաղության համաձայնագիրը։

Առաջին ուղղությամբ, որը վերաբերում է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանը, մենք ձևավորել ենք եռակողմ աշխատանքային խումբ, մեր կողմից՝ ՀՀ փոխվարչապետի գլխավորությամբ։ Այս ձևաչափով մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել, քննարկվել են հնարավոր ճանապարհներին և երկաթուղային հաղորդակցություններին առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված այլ մանրամասներ։

Դժբախտաբար, Ադրբեջանի մոտեցումն այս գործընթացում ի սկզբանե եղել է ոչ կառուցողական։ Չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած իր հստակ պարտավորությանը, Ադրբեջանն առաջ քաշեց Հայաստանի ինքնիշխան տարածքով արտատարածքային միջանցքի տրամադրման չհիմնավորված պահանջ։ Ուզում եմ հստակ նշել, որ Հայաստանը երբեք որևէ պարտավորություն չի ստանձնել կամ որևէ կերպ չի համաձայնել իր տարածքով որևէ արտատարածքային միջանցքի տրամադրմանը, և ադրբեջանական կողմի բոլոր պնդումները եռակողմ հայտարարությունների բովանդակության ակնհայտ խեղաթյուրում և մանիպուլյացիա են։

Վերջերս Ադրբեջանի նախագահն ընդունել է, որ ինքն է միջազգային օրակարգ մտցրել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» եզրույթը և սպառնացել վաղ թե ուշ բացել այն անկախ նրանից՝ Հայաստանը դա ցանկանում է, թե ոչ։ Եվ նա ասել է, որ այս եզրույթն ինքն է ներմուծել է նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Եվս մեկ անգամ ուզում եմ հստակեցնել՝ մենք բացառում ենք ցանկացած արտատարածքային միջանցք Հայաստանի Հանրապետության տարածքում և որևէ միջանցք չենք տրամադրելու որևէ մեկին։ Սա սկզբունքային և անշրջելի դիրքորոշում է՝ լիովին համահունչ նոյեմբերի 9-ի հայտարարության համապատասխան դրույթին։ Ավելին, Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կապ ապահովելու մասին որոշումը կարող է ընդունվել արագ՝ այն պահից, երբ Ադրբեջանն ընդունի, որ բոլոր հաղորդակցությունները պետք է գործեն Հայաստանի Հանրապետության իրավազորության և օրենսդրության շրջանակներում։

Այս համատեքստում ուզում եմ տեղեկացնել, որ վերջերս երկաթուղային հաղորդակցությունների բացման վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն գտնելու հերթական փորձը չի հաջողվել, քանի որ ադրբեջանական կողմը նոր պայմաններ է առաջադրել, որոնք հակասում էին կանոնակարգումների վերաբերյալ կողմերի առաջնային ըմբռնմանը։ Փաստորեն, սա արդեն երկրորդ անգամն էր, որ Ադրբեջանի գործողությունները խաթարում են առաջընթացն այս հարցում։ Երկաթուղային կապի հարցերը լուծելու նախնական պայմանավորվածություն առաջին անգամ ձեռք էր բերվել դեռևս 2021 թվականի դեկտեմբերին։ Այս փաստը տեղ է գտել անգամ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ 2021 թվականի դեկտեմբերի 14-ի հայտարարության մեջ։

Հարաբերությունների կարգավորման երկրորդ ուղղությունը սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների աշխատանքն է։ Հանձնաժողովները ստեղծվել են 2021 թվականի մայիսի 12-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներխուժումից և դրան հաջորդած՝ Հայաստանի տարածքների օկուպացիայից հետո։

Հանձնաժողովները հանդիպումներ են անցկացրել՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանի սահմանազատման չափորոշիչները։ Մենք համոզված ենք, որ առանց սահմանի սահմանազատման հստակ համաձայնեցված չափորոշիչների անհնար կլինի հասնել կայուն խաղաղության։ Այս առումով չափազանց կարևոր են Պրահայում և Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես՝ Ալմա-Աթայի հռչակագրին և դրան հաջորդող արձանագրություններին հղում կատարելը։ Սակայն իր հետագա մեկնաբանություններում Ադրբեջանի նախագահը, պնդելով, որ Հայաստանն այդպիսով ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդպես էլ չհաստատեց Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչումը:

Ադրբեջանը խոչընդոտում է հանձնաժողովների աշխատանքը: Նախ, չնայած Սոչիում 2021 թվականի նոյեմբերի 26-ի և Եվրոպական Խորհրդի նախագահի կողմից հյուրընկալված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երկրորդ եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին, որ հանձնաժողովը պետք է ունենա երկակի մանդատ և աշխատի սահմանազատման և սահմանակից տարածքների անվտանգության կայուն իրավիճակի շուրջ, Ադրբեջանը հրաժարվեց հանձնաժողովների վերնագրում ներառել «սահմանային անվտանգություն» տերմինը, ինչը բացահայտ ցույց էր տալիս նրա իրական մտադրությունները: Այնուհետև՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկեցին չհիմնավորված և չարդարացված լայնածավալ ռազմական հարձակում Հայաստանի Հանրապետության հարավային և հարավ-արևելյան ուղղություններով, ինչը հանգեցրեց Հայաստանի ինքնիշխան տարածքի այլ հատվածների օկուպացմանը։ Զոհվել է ավելի քան 200 զինծառայող։ Սահմանամերձ գավառների քաղաքներն ու գյուղերը անխտրական կերպով գնդակոծվել են։ Այս ագրեսիայի ընթացքում ադրբեջանական զինուժը իրականացրել է պատերազմական հանցագործություններ, արտադատական սպանություններ, հայ զինվորականներին, այդ թվում՝ կանանց ենթարկել ամենացնցող ու սարսափելի նվաստացման ու խոշտանգումների։ Այս փաստերը գրանցվել են հենց ադրբեջանցի զինծառայողների կողմից և տեղադրվել սոցիալական տարբեր կայքերում՝ ակնհայտորեն հայկական կողմին վախեցնելու նպատակով։ Հարկ է նշել, որ 44-օրյա պատերազմի ընթացքում նույնպես եղել են միջազգային մարդասիրական իրավունքի լայնածավալ խախտումներ։

Այս համատեքստում, օգտվելով առիթից, ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել Լեհաստանի նախագահությանը, Գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ Եռյակին և Անվտանգության համագործակցության ֆորումի նախագահությանը տեղում իրավիճակը գնահատելու նպատակով ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելություն Հայաստան գործուղելու համար, ինչպես նաև բարձր գնահատել առաքելության բոլոր աջակիցների ջանքերը: Առաքելության զեկույցը հստակորեն բացահայտեց ավերածությունների ծավալն ու խորությունը, և մենք ի գիտություն ընդունեցինք դրանում պարունակվող եզրակացություններն ու հանձնարարականները, որոնք, մեր կարծիքով, պետք է ծառայեն որպես ելակետ Հայաստանի հետ ԵԱՀԿ գործադիր կառույցների հետագա աշխատանքների և ներգրավվածության համար։

Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Եվրամիությանը՝ Հայաստան դիտորդական առաքելություն գործուղելու համար։ Մենք պատրաստ ենք այս հարցում հետագա համագործակցության։

Սեպտեմբերյան ագրեսիան, ինչպես նաև նախորդած ժամանակահատվածում Ադրբեջանի հարձակումներն ու սադրանքները, պետք է դիտարկել Հայաստանի, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանի, նկատմամբ անընդհատ աճող և Ադրբեջանի նախագահի կողմից մշտապես հնչող տարածքային պահանջների ֆոնին, որոնք կրկնվում են այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից և ուղեկցվում են ուժի կիրառման ակնհայտ սպառնալիքներով։

Առայժմ մենք չենք տեսնում այս քաղաքական գծի փոփոխության որևէ նշան, այն է՝ տարածքային պահանջներից և ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելու և խաղաղությանը հավատարիմ մնալու Ադրբեջանի պատրաստակամությունը: Այս պայմաններում մենք բոլոր հիմքերն ունենք կարծելու, որ նույնիսկ հարաբերությունների կարգավորման համաձայնագրի ստորագրումից հետո Ադրեջանը կշարունակի իր անհեթեթ տարածքային պահանջները Հայաստանի նկատմամբ։

Բանակցությունների երրորդ ուղղությունը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հնարավոր համաձայնագրի կամ խաղաղության պայմանագրի տեքստին, որը պետք է համակողմանիորեն հասցեագրի բոլոր խնդիրները և ստեղծի բարենպաստ անվտանգային միջավայր՝ տարբեր ուղղություններով քննարկումները շարունակելու համար։

Հայկական կողմը մի քանի հիմնարար առաջարկներ է ներկայացրել, մասնավորապես՝ միջպետական սահմանի սահմանազատման չափորոշիչների հստակեցման, պետական սահմանից զինված ուժերի հեռացման և ապառազմականացված գոտու ստեղծման, ինչպես նաև՝ խաղաղության պայմանագրի երաշխավորների ինստիտուտի ձևավորման վերաբերյալ: Ցավալի է, որ հայկական կողմի բոլոր առաջարկները մերժվել են Ադրբեջանի կողմից։

Այս ամենի հետ մեկտեղ մենք կարծում ենք, որ պետք է լուծվի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը․ հասցեագրվեն Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց իրավունքների և անվտանգության երաշխիքների հարցերը։ Այդուհանդերձ, հաշվի առնելով ադրբեջանական առաջարկը՝ այս հարցը խաղաղության համաձայնագրից առանձին քննարկելու՝ հայկական կողմն առաջարկել է ստեղծել Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմ։

Մենք պետք է ընդունենք այս խնդրի հսկայածավալ լինելը՝ հաշվի առնելով, որ ավելի քան 30 տարի երկու երկրների միջև փաստացի ոչ մի հարաբերություն չի եղել: Բայց մենք համոզված ենք, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը վճռորոշ նշանակություն ունի տարածաշրջանի անվտանգության ու կայունության ու դրանց հեռանկարների համար։ Այնուամենայնիվ, խնդրի կարգավորմանը հնարավոր չէ հասնել առանց հակամարտության խորքային պատճառների, մարդու հիմնարար իրավունքների հարցի հասցեագրման և հաշտեցման ուղղությամբ աշխատելու քաղաքական կամքի:

Լաչինի միջանցքի շրջափակումը, որը քայլ է ճիշտ հակառակ ուղղությամբ և ավելի է հեռացնում այս բոլոր ուղղություններով ցանկացած առաջընթացի հեռանկարը, ևս մեկ անգամ ապացուցում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման հարցում միջազգային ներգրավվածության բացարձակ անհրաժեշտությունը:

Հարգելի՛ գործընկերներ,

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է լուրջ մարտահրավեր հանդիսանալ տարածաշրջանային և միջազգային խաղաղության ու կայունության համար: Այս փաստը հաստատում են Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ ուղղված հակահայկական հռետորաբանությունը, Լաչինի միջանցքի շրջափակումը:

2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ավելի քան երկու տարի անց էլ Ադրբեջանը հրաժարվում է հայրենադարձել բոլոր հայ ռազմագերիներին, և այլ պահվող անձանց՝ խախտելով Ժնևի կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունները, Եռակողմ հայտարարությունը և միջազգային հանրության մշտական կոչերը: Ադրբեջանի կողմից հաստատված տվյալների համաձայն, Բաքվում դեռեւս պատանդ է պահվում 33 մարդ: Ես պետք է ընդգծեմ նաև երկու տասնյակ փաստագրված բռնի անհետացման դեպքերը․ մենք տիրապետում ենք հայ ռազմագերիների գերեվարման անվիճելի, արձանագրված փաստերին, սակայն Ադրբեջանը մերժում է նրանց գերեվարումը:

Հայաստանը նաև խիստ մտահոգված է 2020թ. պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության վիճակով: ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության գործուղումը Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ, որի շուրջ քննարկումները շարունակվում են 2020թ. նոյեմբերից, դեռևս մերժվում է Ադրբեջանի կողմից:

Հասկանալի է, որ ներկայումս ԵԱՀԿ-ն լավագույն օրերը չի ապրում, և իրավիճակը Հարավային Կովկասում միակ ճգնաժամը չէ, որին բախվում է Կազմակերպությունը։ Միևնույն ժամանակ, կարծում ենք, որ ԵԱՀԿ պատասխանատվության գոտում առկա բոլոր հակամարտությունները պետք է լինեն կազմակերպության և նրա մարմինների պատշաճ ուշադրության առարկա։ ԵԱՀԿ-ը Մինսկի խմբի համանախագահության հետ միասին ի սկզբանե ներգրավված է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման մեջ։ Չնայած բոլոր մարտահրավերներին՝ Մինսկի խումբը դեռ պատասխանատվություն ունի, քանի որ հակամարտության քաղաքական կարգավորումը դեռևս տեղի չի ունեցել:

Կարծում ենք, որ ԵԱՀԿ-ն կարող է իր կառույցների ներգրավվածության միջոցով կարևոր դեր խաղալ ոչ միայն խաղաղության հասնելու, այլև՝ այն պահպանելու գործում:

Շնորհակալություն»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:34
Թրամփի համար կա անհամեմատ ավելի քիչ ջանքերով Հայաստանի և Ադրբեջանի միջև խախաղության հասնելու հնարավորություն. WSJ
«Ուկրաինայում պատերազմը լուծելու նորընտիր նախագահ Թրամփի խոստումը, հավանաբար, ավելի հեշտ կլինի ասել, քան անել: Բայց կա մեկ այլ...
Աղբյուր` Panorama.am
22:17
ՀՀ պետական շահերին օրագանապես է հակասում ՔՊ-ի քարոզն ու գործունեությունը. Արման Թաթոյան
ՀՀ Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է «ՔՊ-ի քարոզչամեքենայի հիմնարար «առաքելություն» է դարձել թշնամանք ու...
Աղբյուր` Panorama.am
21:56
Խոշոր ավտովթար «Renault Logan»-ի և «Mercedes»-ի մասնակցությամբ
Հունվարի 15-ին, ժամը 06։15-ի սահմաններում Շահումյան 4-րդ փողոցում բախվել են «Renault Logan» և  «Mercedes»...
Աղբյուր` Panorama.am
21:31
Գազայում հրադադարի համաձայնություն է ձեռք բերվել. Al Qahera News
Գազայի հատվածում հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Լուրը հայտնում է Al Qahera News-ը՝ հղում անելով եգիպտական իրազեկ աղբյուրին։...
Աղբյուր` Panorama.am
21:10
Զուրաբիշվիլին անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթին
Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրմանը։...
Աղբյուր` Panorama.am
21:01
Բժիշկները ստիպված են լինելու իրենց հոգեկան առողջ լինելը փաստել տեղեկանքով․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՆԱԽԱԳԻԾԸ, ՈՐԻ ԹԻՐԱԽԸ ՆՈՐԻՑ...
Աղբյուր` Panorama.am
20:43
UFC-ի նախկին չեմպիոնը անհանգստություն է հայտնել Ծառուկյանի վերաբերյալ
Բրիտանացի մարտիկ, UFC-ի նախկին չեմպիոն Մայքլ Բիսպինգը կիսվել է UFC-ի թեթև քաշային կարգի (70 կգ) դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող...
Աղբյուր` Panorama.am
20:29
Առուշ Առուշանյանի պատիժը խստացվեց.1 տարի 8 ամիս ազատազրկման փոխարեն՝ 1 տարի 11 ամիս ազատազրկում
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու որոշման դեմ բողոքները թեև մասնակի բավարարվել են, բայց Առուշ...
Աղբյուր` Panorama.am
20:12
Զուրաբիշվիլին միացել է համընդհանուր գործադուլին
Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է համընդհանուր նախազգուշական գործադուլին: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Զուրաբիշվիլին այս պահին...
Աղբյուր` Panorama.am
19:59
Փաշինյանը հարկային տեռորի է ենթարկում ՀՀ քաղաքացիներին, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին․ Թևանյան
Նիկոլ Փաշինյանը հարկային տեռորի է ենթարկում ՀՀ քաղաքացիներին, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին։ Այս մասին  ֆեյսբուքյան էջում...
Աղբյուր` Panorama.am
19:43
Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությանը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է ավտովթարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացած ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստյան...
Աղբյուր` Panorama.am
19:28
Թուրքական հետախուզությունը սպանել է PKK-ի բարձրաստիճան անձի
Թուրքիայի «Ազգային հետախուզության ծառայությունը» (MİT) տեղային գործողությամբ սպանել է իրենց կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորման...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի...
Աղբյուր` Panorama.am
19:04
Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը միայն կարող է կանխել ապագայում մարդկության դեմ այսպիսի ոճրագործությունների կրկնությունը․ ՀՀ ԱԳՆ
 ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Բաքվում տեղի ունեցած ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ, որում ասվում է․ «Այս օրերին...
Աղբյուր` Panorama.am
18:52
Առաջին հերթին՝ գործի մարդ էր Մհերը․ Մենուա Սողոմոնյան
 «Պատերազմն ու այս վիճակն ամեն ինչ փոխեց և մարդու համար առջնային դարձավ հենց գաղափարակից ընկերը։ Մհերի հետ պայքարի ընկեր էին,...
Աղբյուր` Panorama.am
18:37
Շատ չասված բառեր են մնացել, որոնք այլևս չենք կարողանա ասել նրան․ Էլինար Վարդանյանը՝ Մհեր Սահակյանի մասին
«Մհեր Սահակյանը հայրենիքին, ընկերներին, ընտանիքին նվիրված մարդ էր։ Նվիրված սկզբունքներին ու այն արժեքային համակարգին, որը կարող է կրել...
Աղբյուր` Panorama.am
18:32
Ոստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ կստեղծվի
Նախորդ տարի ընդունվել է Ոստիկանության ոլորտի բարեփոխումների նոր շրջափուլը նախանշող 2024-2026 թթ. ռազմավարությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։...
Աղբյուր` Panorama.am
18:19
Բայդենն ու Բլինքենը չօգնեցին,հակառակը` նախընտրեցին ԱՄՆ ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Ադրբեջանին․ Արամ Համբարյան
ԱՄՆ Հայ դատի հանձնախբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն անդրադարձել է երեկ ստորագրված ՀՀ-ԱՄՆ ռազմավարական փաստաթղթին՝ գրելով․ «Ջո...
Աղբյուր` Panorama.am
18:07
Ռամշտայնի կոալիցիան փառաբանողները ի՞նչ կասեն․ Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Ի դեպ, Ռամշտայնի կոալիցիան փառաբանողները ի՞նչ կասեն, վերջ Ուկրաինան գրավե՞ց Ռուսաստանը, թե՞...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը հանդես կգա Պրահայում մոնղոլ բարիտոն Ամարտուվշին Էնխբատի հետ
Փետրվարի 28-ին Պրահայի հանրահայտ «Օբեցնի դում»ի Սմետանայի համերգասրահում հանդես կգա սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը։ Orer.eu-ի...
Աղբյուր` Panorama.am
17:55
Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությունն է՝ Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում
«Ենթադրում ենք՝ այդ օրն էլ գնացել էր մեկին օգնության։ Մհեր Սահակյանի նման մարդիկ քիչ են մեր իրականության մեջ»
Աղբյուր` Panorama.am
17:43
Մենք անգամ պաշտոնապես չենք չեղարկել ՀԱՊԿ-ի մաս լինելը. Պապիկյան
«Մենք անգամ պաշտոնապես չենք չեղարկել ՀԱՊԿ-ի մաս լինելը, բայց դե ֆակտո որևէ մասնակցություն չունենք, և մենք չենք մեղավոր, որ ՀԱՊԿ-ում ՀՀ-ից...
Աղբյուր` Panorama.am
17:34
ԱՄՆ հետ ստորագրված կանոնադրությունն ավելի շուտ Փաշինյանի կառավարության թերացումների արտացոլանքն է, քան երկկողմ առաջընթացի արգասիք. Օսկանյան
«Անփայլ փաստաթուղթ. ԱՄՆ-Հայաստան համաձայնագիրը չի հասցեագրում Հայաստանի մարտահրավերները»,- այպես է բնութագրում նախօրեին Վաշինգտոնում...
Աղբյուր` Panorama.am
17:30
Դատախազությունը պահանջում է դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:...
Աղբյուր` Panorama.am
17:22
Ձկնագողության դեպքեր են հայտնաբերել
Հունվարի 10-ից 14-ը ՆԳՆ ոստիկանության, Բնապահպանության և ընդերքի տեսաչական մարմնի և Շրջակա միջավայրի նախարարության Սևանի տեղամասի էկոպարեկային...
Աղբյուր` Panorama.am
17:17
Կալիֆորնիա. մոլեգնող հրդեհների պատճառով արգելվել են ֆիլմերի և հեռուստասերիալների նկարահանումները
Կալիֆորնիայի հրդեհների վնասը կկազմի առնվազն 250 միլիարդ դոլար, բայց թվերը վերջնական չեն: Հրդեհի դեմ պայքարը շարունակվում է։ Լոս Անջելեսի...
Աղբյուր` Panorama.am
16:59
ՀՀ-ն և ես, որպես պաշտպանության նախարար, չեն տեսնում, որ կան հիմքեր, որպեսզի տարածաշրջանն էսկալացվի. Սուրեն Պապիկյան
«ՀՀ սահմանների անվտանգույունը մենք պետք է երաշխավորենք մեր բալանսավորված քաղաքականությամբ։ Բեռը դնել միայն Զինված ուժերի վրա, բեռը դնել...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սուրեն Պապիկյանը քիչ առաջ բացահայտ ստեց. «Փաստինֆո»
«Սուրեն Պապիկյանը քիչ առաջ մամուլի ասուլիսում  բացահայտ ստեց. նա հայտարարեց, թե 2020 թվականին ստորագրված հուշագիրը, որով հայկական...
Աղբյուր` Panorama.am
16:48
Հայտնի է Վենետիկի միջազգային բիենալեում Հայաստանը ներկայացնող նախագիծը
Վենետիկի Ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին մասնակցելու համար ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր մրցույթ հայաստանյան տաղավարը ներկայացնող...
Աղբյուր` Panorama.am
16:39
Կարասինը՝ Երևանի քայլերի մասին. Ազարտը քաղաքականության մեջ հաճախ բերում է անսպասելի արդյունքների
Երևանի ակտիվությունն այլ երկրների հետ համագործակցության տարբեր փաստաթղթեր ստորագրելու հարցում կարող է բարդ հետևանքներ ունենալ Հայաստանի և նրա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան
17:09 15/01/2025

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}