«Դեպի վեր». Հայ ֆանտաստ գրողների պատմվածքները՝ մեկ գրքում
«Բուկինիստ» գրախանութում այսօր տեղի ունեցավ «Դեպի վեր» գրքի շնորհանդեսը։ «Դեպի վեր» գիրքը պատմվածքների յուրահատուկ ժողովածու է, որտեղ տեղ են գտել հայ ֆանտաստ գրողների՝ «Դեպի վեր» խորագրով անցկացված «ԱրմԿոն» գրական մրցույթին ներկայացված լավագույն ստեղծագործությունները:
Հեռավոր ապագայից մինչև առասպելական անցյալ, պոստապոկալիպտիկ Սևանից մինչև բակեմոնոներով ճապոնական անտառներ՝ այս ստեղծագործությունները, ըստ ժողովածուն կազմողների, կոգեշնչեն ընթերցողներին մտածել այլ աշխարհների, այլընտրանքային անցյալի և հրաշալիքներով ու մարտահրավերներով լի ապագայի մասին:
Գրքի շնորհանդեսին «ԱրմԿոն» մրցույթի կազմակերպիչ, ժյուրիի անդամ Ֆրունզ Հարությունյանն ասաց, որ «ԱրմԿոն» առաջին մրցույթը կազմակերպվել էր 2008-2009 թվականին, երկրորդը՝ 2012-2013 թվականներին, երրորդը՝ 2021 թվականին։
«Դադարները պայմանավորված են նրանով, որ պետք է լինի մի մեսիջ, որ ցանկանանք կազմակերպել մրցույթ, քանի որ չենք պատրաստվում ամեն տարի անել մրցույթ՝ ինքնանպատակ։ Պետք է լինի կուտակված լիցք, առիթ, մուսա։
Ինձ դիմեց մեր նախկին մրցույթների մասնակից Արսեն Թավադյանը, առաջարկեց անցկացնել նոր մրցույթ՝ հաշվի առնելով երկրում տիրող իրավիճակը... Վերջի ի վերջո, նման մրցույթները երևակայության տոն են, թույլ են տալիս ամպերից վեր բարձրանալ»,- ասաց Ֆ. Հարությունյանը։
Նրա կարծիքով, մրցույթը ստացված է, գործերը շատ հետաքրքիր են, զանազան, ամեն մեկը կարող է գտնել հետաքրքիր ժանր. կա ճապոնական ֆոլկլոր, պոստապոկալիպտիկ Սևան, հեքիաթներ, գիտաֆանտաստիկա, ֆենթզի։
Ֆ. Հարությունյանի խոսքով, դեռ շատ ճանապարհ կա գնալու այս ժանրում. «Այս տարիների ընթացքում շատ հայտեր ենք ստացել, սակայն քիչ տոկոսն է պիտանի։ Երիտասարդների կողմից գրելու ցանկություն կա։ Այս տարի 70-ից ավելի գործ էինք ստացել, բայց որոշներն ընդհանրապես ընթեռնելի չէին, որոշները՝ վատն էին, որոշները քիչ էր մնում անցնեին շեմն ու հայտնվեին ժողովածուում։ Ուզում էինք 10 հեղինակ ընտրել այս ժողովածուի համար, 9-ն ընտրեցիքն։ Շատ բարդ էր ընտրությունը»,- ասաց Ֆ.Հարությունյանը։
Գրքում ներառված են՝ Գևորգ Տեր-Գաբրիելյանի, Արսեն Թավադյանի, Լիլիթ Մանարյանի, Լևոն Մկրտչյանի, Արման Գասպարյանի, Լիանա Խաչատրյանի, Նելլի Ղալեչյանի, Հայկ Հովյանի, Լուսինե Շահնազարյանի գործերը։
«Դեպի վեր» գրքի հեղինակներից Արսեն Թավադյանն ասաց, որ իր պնդումն է եղել՝ անպայման ֆենթզի և ֆանտաստիկայի մրցույթը շարունակել։
«Իհարկե, այս իրականության մեջ կարող է թվալ, որ սա իրականությունից փախուստի դրսևորում է, բայց, հակառակը՝ մեր ամբողջ միտքն այս մրցույթի այն էր, որ պետք է ունենա «Դեպի վեր» խորագիրը։ Այսինքն, նպատակ չպետք է ունենալ փախնել իրականությունից, այլ իրականությունը վերլուծելով փորձել գտնել ավել ճիշտ մտքեր, ճիշտ ուղիներ ճիշտ նպատակներին հասնելու համար»,- ասաց Ա. Թավադյանը։
Նրա ներկայացմամբ, իրականում ֆենթզին և ֆանտաստիկան անպայման չէ ոչ իրական լինեն, այսինքն այն մարդկային հարաբերությունների մասին է, երկու մարդ կարող են տիեզերագնացներ լինեն, բայց կարևորը մարդկային հարաբերություններ են, որոնք քարե դարից մինչև հիմա երևի չեն փոխվել։
«Ամբողջ ժողովածուի գրեթե բոլոր աշխատանքներում, թեկուզ ճապոնական իրականության մասին ստեղծագործությունում, կարմիր թելով անցնում է ինչ-որ մի բան, որը մեզ կապում է մեր հայրենիքի հետ։ Այս տեսակետից և առաջ ուղղվող ժողովածու է, և նաև դուրս չէ այն իրականությունից, որի մեջ մենք ապրում ենք»,- ասաց Ա. Թավադյանը։
«Դեպի վեր» գրքի խմբագիր Վահե Ղուկասյանն ասաց, որ ֆանտաստիկան գրականության լիարժեք մաս է, զարգանում է գրականության հետ համամասնությամբ։
«Իսկ որ գրականությունը զարգանում է, դրանում ևս վստահ եմ»,- նշեց նա։
«Բուկինիստ» գրախանութների տնօրեն Խաչիկ Վարդանյանը խոսեց համագործակցության մասին. «Տղաները վաղուց էին ասել նման մտադրության մասին, ես էլ խոսք էի տվել։ Անցյալ տարի դիմեցին և որոշեցինք համատեղ աշխատել։ Համոզված չէի, որ մեծ պահանջարկ կունենա նման գրականությունը, չնայած բոլոր նախադրյալներն ասում էին, որ պետք է ունենա։
Ինչո՞ւ։ Որովհետև խորհրդային շրջանից կան գրականության ժանրեր, որոնք հայերենում գոյություն չունեն։ Ֆենթզի ժանրը չկար մեր իրականության մեջ, անտեսված է եղել, ինչպես նաև դետեկտիվ ժանրը։ Այդ առումով այս տղաները, իրոք հերոսներ են, հերոսություն է, որ մարդկանց հիշեցրեցին կա նման ժանր ու կան գրողներ, որոնք պահանջարկ ունեն, հետաքրքիր գրում են»։
Նա նշեց, որ տպել են 300 օրինակ, բայց, կարծում է, տպաքանակը կավելացնեն։
«Պահանջարկն անսպասելիորեն մեծ է, հենց սկզբից սկսեց գիրքը հետաքրքրել մարդկանց։ Սա ոչ միայն գրքի նորամուտ է, այլ մեր իրականության մեջ ժանրի նորամուտ է»,- ասաց «Բուկինիստ» գրախանութների տնօրենը։