ՅՈՒՆԵՍԿՕ. 2022 թվականին լրագրողների սպանությունները աճել են 50%-ով
ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով՝ 2022 թվականին աշխարհում սպանվել է 86 լրագրող և ԶԼՄ-ների աշխատակից։ Սա վկայում է այն լուրջ ռիսկերի և խոցելիության մասին, որոնց լրագրողները շարունակում են հանդիպել իրենց աշխատանքի ընթացքում։
«Մի քանի տարվա հետևողական անկումից հետո 2022 թվականին լրագրողների սպանությունների թվի կտրուկ աճը տագնապալի է։ Իշխանությունները պետք է ակտիվացնեն իրենց ջանքերը՝ դադարեցնելու այդ հանցագործությունները և երաշխավորեն, որ մեղավորները պատժվեն, քանի որ անտարբերությունը բռնության մթնոլորտի ստեղծման հիմնական գործոններից մեկն է»,- ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն։
2022 թվականին սպանությունների աճը կտրուկ փոխում է վերջին տարիներին նկատված դրական միտումը. եթե 2018 թվականին սպանությունների թիվը 99 էր, ապա 2019-2021 թվականներին այն նվազել է տարեկան միջինը մինչև 58 սպանություն։
Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ այս թվերը հիշեցնում են ամբողջ աշխարհում իրավական համակարգերի աճող բացերը և ընդգծում են պետությունների անկարողությունը` կատարել լրագրողներին պաշտպանելու, նրանց դեմ հանցագործությունները կանխելու և հետապնդելու իրենց պարտավորություններ։
Թեև լրագրողները սպանվել են բոլոր տարածաշրջաններում, Լատինական Ամերիկան և Կարիբյան ավազանի երկրները 2022 թվականին լրագրողների համար ամենամահաբեր են եղել. գրանցվել է 44 սպանություն, ինչն ամբողջ աշխարհում սպանված լրագրողների կեսից ավելին է։ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տեղի է ունեցել 16 սպանություն, իսկ Արևելյան Եվրոպայում սպանվել է 11 լրագրող։ Ամենամահաբեր երկրներն են Մեքսիկան (19 սպանություն), Ուկրաինան (10) և Հայիթին (9):
Նշվում է նաև, որ սպանված լրագրողների մոտ կեսը հարձակման պահին եղել է ծառայողական պարտականություններից դուրս՝ ճանապարհին, տանը կամ ավտոկայանատեղերում, այլ հասարակական վայրերում: Սա վերջին տարիների միտումի շարունակությունն է և նշանակում է, որ լրագրողների համար անվտանգ վայրեր չկան, նույնիսկ նրանց ազատ ժամանակ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան