Ադրբեջանը գործում է այնքան, որքան նրան իր քաղաքական կուրսով թույլ է տալիս Հայաստանը.Տիգրան Աբրահամյան
«Անկախ այն հանգամանքից, որ ստեղծված իրադրությունն առաջին հերթին քաղաքական ճգնաժամ է և ենթադրում է քաղաքական հանգուցալուծում՝ որպես հետևանք Արցախում ստեղծված հումանիտար իրադրությունը գնալով ծայրահեղ բնույթ է ստանում»,-հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն փորձում է հումանիտար բնույթի տարբեր խնդիրներ լուծել՝ հատկապես դեղորայքի ապահովման և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների՝ Հայաստան տեղափոխման հարցում, բայց նրա ջանքերն բավարար չեն նույնիսկ նվազագույն խնդիրները լուծելու համար:
«Միջազգային դերակատարները, կառույցները, որոնք առաջին օրերին հյատարարություններ և կոչեր տարածեցին, այս պահին իրենց հնարավորությունների պոտենցիալի քիչ մասն են կիրառում՝ Ադրբեջանի նկատմամբ ճնշումը մեծացնելու և իրավիճակի որոշակի հանգուցալուծմանը հասնելու համար»,-ասաց Տիգրան Աբրահամյանը
Նկատելով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հարցը չնայած քննարկվել է և որոշ հասցեական հայտարարություններ են հնչել, բայց այն որևէ շարունակություն չի գտել:
«Հասկանալի է, որ Միջազգային դերակատարներն ունեն գործելու և Ադրբեջանի վրա ազդելու հնարավորություններ, բայց նրանց հետ Հայաստանի իշխանությունը հետևողական աշխատանք չի տանում: Երբ խոսում և արձանագրում ենք, որ միջազգային խաղացողները գործելու ավելի մեծ հնարավորություններ ունեն, քան գործում են, իսկ Ադրբեջանի կիրառած այլանդակ միջոցներն ընդլայնվում են՝ այստեղ նաև չափազանց մեծ պատասխանատվություն ունի Հայաստանի իշխանությունը: Ադրբեջանը գործում է այնքան, որքան իր դիրքով, քաղաքական կուրսով և հակազդելու հնարավորություններով թույլ է տալիս Հայաստանը, իսկ հավաքական առումով՝ միջազգային հանրության արձագանքը համարժեք է արտաքին աշխարհի հետ Հայաստանի իրականացրած ջանքերին, որոնք ակնհայտորեն անբավարար են»,-ասաց պատգամավորը:
Նա հայտնեց, որ այս իրավիճակը զարմանալի չէ, քանի որ իշխանությունն ինքն է պարզ տեքստով հայտարարում, որ Արցախի մասով պատրաստ է միջամտել բացառապես սոցիալ-տնտեսական, հումանիտար բնույթի հարցերով, իսկ խնդրի քաղաքական և ռազմական կարգավորման բաղադրիչը Ռուսաստանի, Ադրբեջանի և Արցախի իշխանությունների տիրույթում են:
«Արցախին այդ ծանր իրավիճակում բախտի քմահաճույքին թողնելը ոչ այլ ինչ է, քան սեփական ժողովրդի նկատմամբ թշնամություն: Այլ կերպ դժվար է բացատրել այս ծանր իրավիճակում Արցախին Ադրբեջանի առաջ միայնակ թողնելու ու պարզապես հետևելու մոտեցումը»,-հայտարարեց Տիգրան Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ Արցախի մեր հայրենակիցները Հայաստանի կարիքն ունեն, քանի որ առանց վերջինիս ամբողջական միջամտության նրանց վիճակը բարդ է լինելու և այդ ծանր իրավիճակում նրանց թողնելու իրավունք չունենք:
«Ցանկացած մարդ, ով ապրում է Հայաստանում, պետք է գիտակցի, որ վաղը նույն վիճակում կարող է հայտնվել ինքը, իր ընտանիքի անդամները և հարազատները»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
- Պրոբլեմնե՞րը Փաշինյանի գրպանը գցեցին, թե՞ ինչ-որ մեկը Փաշինյանին Հայաստանի գրպանը գցեց. Հայկ Մամիջանյան
- Հայրենազրկման կործանարար այս ընթացքը բեկելու միակ ճանապարհը համահայկական համախմբումն է. Թադևոս Ավետիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան