Երկրում ատելության խոսքը տեղ չունի. Գերմանիայի զգուշացումը Թուրքիային
Բեռլինում Թուրքիայի դեսպանը կանչվել է Գերմանիայի արտգործնախարարություն և զգուշացվել:
Պատճառը, ինչպես փոխանցում է Էրմենիհաբերը, Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից (ԱԶԿ-AKP) մեջլիսի պատգամավոր Մուստաֆա Աչըքգյոզի Գերմանիայի Նոյս քաղաքում ունեցած ելույթն է եղել:
Գերմանիայում գործող թուրք ազգայնականների Նոյսի մասնաճյուղում նա սպառնալիք ու ատելության խոսք է օգտագործել «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության ու գյուլենական համայնքի կազմակերպությունների անդամների վերաբերյալ (2 կազմակերպություններն էլ Թուրքիայում համարվում են ահաբեկչական):
Թուրք պատգամավորը հայտարարել է, որ այդ կազմակերպությունների անդամներին աշխարհի բոլոր ծայրերում էլ գտնելու են ու ոչնչացնելու են այնպես, ինչպես Թուրքիայում են ոչնչացրել: Նա շեշտել է նաև, որ ինչպես Թուրքիայում իրենք չեն ճանաչում այդ «ահաբեկիչների» կյանքի իրավունքը, այնպես էլ՝ Գերմանիայում:
Աչըքգյոզը ՔԲԿ-ին անվանել է անկրոն, իսկ գյուլենականներին էլ մեղադրել է մուսուլմանությունը քրիստոնեության փոխակերպելու մեջ: Այս և այլ սպառնալիքների ու մեղադրանքների պատճառով Թուրքիայի դեսպանը կանչվել է դաշնային ԱԳՆ ու զգուշացվել: Դեսպանեին ԱԳն կանչելու մասին հայտարարություն է արել Գերմանիայի ԱԳՆ-ը:
Դրանում մասնավորապես ասված է.
«Այսօր մենք հանդիպման ենք հրավիրել Թուրքիայի դեսպանին։ Նոյսում թուրք պատգամավորի արարքների նման արարքներ չպետք է կրկնվեն։ Սադրանքն ու ատելության խոսքը Գերմանիայում տեղ չունեն»:
Նշվել է նաև, որ իրենք հասկացրել են թուրքական կողմին, որ Գերմանիայում թուրքական համայնքի շրջանում իրականացվող նախընտրական քարոզարշավի միջոցառումները պետք է նախապես հաստատվեն իրենց կողմից: Դեսպանը զգուշացվել է նաև, որ եթե թուրքական կողմը չխաղա սահմանված կանոններով, ապա հետևանքներ կառաջանան: