Թուրքիան պայմաններ է դնում Շվեդիայի առաջ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար
Շվեդիան չի կարող ակնկալել Թուրքիայի աջակցությունը ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում՝ անտեսելով «ահաբեկիչների սադրանքները»: «ՌԻԱ նովոստին» հայտնում է, որ նման հայտարարություն է արել Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը։
Ավելի վաղ Ստոկհոլմում տեղի է ունեցել Թուրքիայում արգելված PKK-ի կողմնակիցների հանրահավաքը, որին մի շարք վիրավորական հայտարարություններ ու ժեստեր են հնչել Թուրքիայի ներկայիս նախագահ Թայիփ Էրդողանի հասցեին։ «ՌԻԱ նովոստի»-ի աղբյուրը հայտնել է, որ Անկարայում Շվեդիայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ, նրան բողոքել են ակցիայի կապակցությամբ։ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը չեղարկել է իր շվեդ գործընկերոջ՝ Անկարա նախատեսված այցը։ Ակցիայի առնչությամբ Թուրքիայի նախագահի փաստաբանը դիմում է ներկայացրել Անկարայի գլխավոր դատախազություն, քրեական գործ է հարուցվել։ Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմը հայտարարել է, որ PKK-ի գործողությունը վտանգում է բարդացնել Անկարայի՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության դիմումի վավերացման գործընթացը։
«Եթե Շվեդիան ցանկանում է ստանալ Թուրքիայի աջակցությունը ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտի հարցում, ապա պետք է կատարի Անկարայի հետ պայմանագրերով ստանձնած պարտավորությունները»,-նախարարի խոսքերն է մեջբերում Anadolu գործակալությունը։
Թուրք նախարարը հիշեցրել է Մադրիդում ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի կողմից ստորագրված եռակողմ հուշագրի դրույթները։ «Այս փաստաթուղթը որոշակի պարտավորություններ է դնում կողմերի վրա, ուստի Անկարան իրավամբ ակնկալում է, որ Ստոկհոլմը կկատարի այդ խոստումները»,-ընդգծել է նախարարը։
Նա բացատրել է, որ սկանդինավյան երկու երկրները պարտավորվել են աջակցություն ցուցաբերել Անկարային անվտանգության ոլորտում, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաև վերացնել ռազմական ոլորտում սահմանափակումները։ Բացի այդ, Թուրքիան Շվեդիային և Ֆինլանդիային է փոխանցել ահաբեկչության մեջ ներգրավված անձանց ցուցակը, սակայն այդ անձինք դեռևս չեն փոխանցվել Անկարային։
«Այն երկիրը, որն անտեսում է ահաբեկիչների սադրանքները, չի կարող Անկարայից աջակցություն ակնկալել Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու ճանապարհին։ Մոտեցումները պետք է վերանայվեն»,-ասել է Թուրքիայի արդարադատության նախարարության ղեկավարը։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանին «թիրախավորելու» համար Թուրքիայի ԱԳՆ-ն իր վրդովմունքն է արտահայտել, Շվեդիայի արտակարգ ու լիազոր դեսպանը կանչվել է ԱԳՆ
- Թուրքիայի արտգործնախարարը զգուշացրել է Շվեդիային, որ Անկարան չի աջակցի նրա՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը
- Շվեդիայի ու Ֆինլանդիայի ՆԱՏՕ անդամակցությունը ձգձգվում է
- Ստոլտենբերգը կարծում է, որ Շվեդիան և Ֆինլանդիան պաշտոնապես կդառնան ՆԱՏՕ-ի անդամ 2023 թվականին
- ԵԱՀԿ-ում ՀՀ դեսպանը Շվեդական նախագահությանը, անդամ երկրներին կոչ է արել համարժեք արձագանքել Ադրբեջանի սադրիչ գործողություններին