Ինձ համար չափազանց հուզիչ է. Մանսուրյանը՝ հունվարի 27-ի համերգի մասին
Հունվարի 27-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա «Մանսուրյան. խոսքի և մեղեդու խաչմերուկին» խորագրով համերգ՝ նվիրված ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի տարեդարձին։
Համերգին հնչելու են մաեստրո Մանսուրյանի ստեղծագործությունները՝ հայաստանյան և համաշխարհային պեմիերաներ։ «8 Հայրեն սիրո, պանդխտության և լուսնյակ գիշերների» ստեղծագործությունը համաշխարհային պրեմիերա է, իսկ Մեսրոպ Մաշտոցի խոսքերով գրված «Օրհներգ-Նավապետ Բարի» ստեղծագործությունը Հայաստանում կկատարվի առաջին անգամ։ Համերգային ծրագիրն ունի ինքնատիպ ձևաչափ՝ ներկայացնելով պոեզիայի և մեղեդու միաձուլումը։
Համերգի նախաձեռնողն է «Կողբ» հիմնադրամը։ Համերգի մասնակիցներն են՝ Հայաստանի պետական կամերային նվագախումբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան), Երևանի պետական կամերային երգչախումբ (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան)։ Մենակատար՝ Տիգրան Քախվեջյան (բարիտոն), ասմունքող՝ Բաբկեն Չոբանյան։ Դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան։
Լրագրողների հետ հանդիպմանը Տիգրան Մանսուրյանն ասաց, որ այս համերգը չի կարող հերթական, շարքային համերգների շարքին դասել, քանի որ առաջին անգամ հնչելու են երկու ստեղծագործություններ և դա լինելու է իր տարեդարձի օրը։
«Ինձ համար չափազանց հուզիչ է»,- նշեց մաեստրոն։
Նրա ներկայացմամբ, ստեղծագործողություններից մեկի հիմքում մաշտոցյան օրհներգն է, գրել է չեխական նվագախմբերից մեկի պատվերով և հնչել է 2022-ին նշանավոր կենսաբան Գրեգոր Մենդելի 200-ամյակին նվիված համերգին։ Մենդելը եղել է հոգևորական և այս ստեղծագործությունը հնչել է այն եկեղեցում, որտեղ ծառայել է նա։
«Այս գործը մեկ անգամ է հնչել և հունվարի 27-ին հնչելու է երկրորդ անգամ մեր դահլիճում իմ բարեկամ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ»,- ասաց Տիգրան Մանսուրյանը։
Բացի այդ, կլինի նաև ևս մեկ ստեղծագործության առաջին կատարումը. շարունակվում է հայրենների շարքը՝ 8 հայրեններ երգչախմբի համար։
«Այս հայրենները գրելը իմ տարիների երազանքն է եղել։ Ես երիտասարդ էի, երբ գրեցի իմ 4 հայրենները ձայնի և դաշնամուրի համար, երգեցին մեր մեծանուն երգիչները՝ Գոհար Գասպարյան և ուրիշներ։ Մշտապես պահանջում էի նորից դիմել հայրեններին»,- ասաց մաեստրոն։
Դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը նախ ասաց, որ հունվարի 27-ի համերգին մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում, սովորական համերգներից տարբերվում է նրանով, որ Տիգրան Մանսուրյանի գրած այդ 8 հրաշալի հայրենները կոմպոզիտորը նվիրել է հենց իրեն։
«Երջանիկներից մեկն եմ, ով Տիգրան Մանսուրյանի կողմից ունեմ ինձ նվիրված պարտիտուրա, որը հնչելու է այդ օրը։ Դրանք հայ ժողովրդական բանահյուսության մեջ մեծագույն կտավներից ութն են»,- ասաց Մլքեյանը՝ ընդգծելով, որ պետք է երջանիկ լինել, որ անընդհատ աշխատում են նման մարդու հետ։
«Կողբ» հիմնադրամի տնօրեն Մարիա Պետրոսյանն ասաց, որ հունվարի 27-ի համերգի կազմակերպման հիմնական շարժառիթը նախ և առաջ ևս մեկ անգամ ոլորտը շեշտադրելն է ու ևս մեկ անգամ փորձել ուշադրության հրավիրել խոսքին, երաժշտությանը, պոեզիային և դրա միաձուլմանը։
«Հուսով ենք, որ դա նաև կոգեշնչի Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի մասնակից երիտասարդ կոմպոզիտորներին, արտասահմանցի մասնակիցներին, որպեսզի տեսնեն մաեստրոյի օրինակները, նաև դրանով ոգեշնչվեն և իրենց ստեղծագործությունները գրելիս ունենան իրենց առջև այդ օրինակը»,- նշեց նա։
Մ. Պետրոսյանի խոսքով, համերգն առիթ հանդիսացավ, որպեսզի միավորեն մեր արժեքները կրող մի շարք բարեկամներ, պրոֆեսիոնալներ։
«Դասական մշակույթը, պատմությունը միշտ պետք է լինի մեր կողքին։ Դա մեր աշխատանքում մեծ ուժ է տալիս մեզ, մենք էլ մեր հերթին պետք լինենք այդ արժեքների կողքին»,- ասաց Մանսուրյանի անվան միջազգային մրցույթի գլխավոր հովանավոր FastBank ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ-զարգացման տնօրեն Գարեգին Դարբինյանը։
Անդրադառնալով Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի մասին, որն առաջին անգամ է անցկացվելու, Ռոբերտ Մլքեյանն ասաց, որ ժյուրիի անձնակազմը բավական բարդ խնդիր է դրել իր առաջ. «Մրցույթին մասնակցող կոմպոզիտորներն իրապես պետք է խորապես ուսումնասիրեն պոեզիան։ Պարտադրված չէ, թե որ ժամանակաշրջանի գրականությունն է, շատ մեծ հնարավորություն ենք տվել, բայց անպայման պրոֆեսիոնալ, լրջագույն ուսումնասիրություններից հետո պետք է արվի երաժշտություն։ Պետք է ստեղծեն այնպիսի ստեղծագործություններ, որոնք փորձեն գոնե հետագայում դառնան ազգային արժեքներ որպես ստեղծագործություններ։
Այդ նպատակին ծառայեցնելու համար՝ մրցույթը, հավանաբար, մի փոքր առանձնակի ու բարդ կլինի։ Ունենք երիտասարդներ, որոնք հրաշալի գրում են»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Մանսուրյանի երազանքը
- Ռոբերտ Մլքեյանը Մանսուրյանի անվան կոմպոզիտորների մրցույթի մասնակիցներին խորհուրդ է տալիս լինել համարձակ, շրջանցել կարծրատիպերը
- «Մանսուրյան․ խոսքի և մեղեդու խաչմերուկին». կնշվի Տիգրան Մանսուրյանի տարեդարձը
- Մեր գիտական միտքը պետք է լինի պետական մտքի առաջնագծում, ինչում մենք միշտ հաջողել ենք. Տիգրան Մանսուրյան
- Հունվարի 27-ին կհնչեն Տիգրան Մանսուրյանի՝ դեռևս հանրությանը չներկայացված ստեղծագործություններ
- Առաջին անգամ կանցկացվի Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին