Քաղաքացին ուկրաինական կողմի կոնտակտային անձին փորձել է փոխանցել ՌԴ զինված ուժերի զինտեխնիկայի գտնվելու վայրի մասին տեղեկություն
Ռուս-վրացական սահմանին «Անկախ պետությունների համագործակցություն» (ԱՊՀ) անդամ երկրներից մեկի 28-ամյա քաղաքացի է ձերբակալվել: Այս մասին գրում է «Ալիք մեդիա»-ն։
Ըստ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) Հյուսիսային Օսիայի քննչական վարչության մամուլի ծառայության հաղորդման՝ այդ քաղաքացին կասկածվում է Ուկրաինայի օգտին լրտեսության համար։
Հաղորդագրության մեջ չի նշվում, թե ձերբակալվածը որ երկրի քաղաքացի է: Հայտնի չէ նաև, թե որ ուղղությունից նա հատեց վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» անցակետը։
ԱԴԾ-ի տեղեկություններով՝ ձերբակալությունից հետո տղամարդը ցույց է տվել բջջային հեռախոսի Telegram նամակագրության էջում պահպանված նամակները, որոնց բովանդակությունից պարզ է դարձել, որ նա ուկրաինական կողմի կոնտակտային անձին փորձել է փոխանցել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զինտեխնիկայի գտնվելու վայրի մասին լուսանկարներ և տեսանյութեր։
Ռուսաստանի ԱԴԾ-ի Հյուսիսային Օսիայի քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել ձերբակալվածի նկատմամբ և հետաքննում է ՌԴ ՔՕ 276 հոդվածով («լրտեսություն») նախատեսված հանցագործությունը: