Լավրով. Մենք դեռ պատրաստ ենք ՀԱՊԿ առաքելություն ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահման
Մենք դեռ պատրաստ ենք ՀԱՊԿ առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման: Չորեքշաբթի նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Կարծում եմ, որ մահակի կարգապահությունը վնասակար է: Ես կցանկանայի, որ մեր դաշնակից կառույցներում համերաշխությունը հարյուր տոկոսով լիներ։ Եվ մենք աշխատում ենք դրա վրա։ Սա պահանջում է պարզաբանում, պահանջում է անհատական մոտեցում յուրաքանչյուր կոնկրետ գործի նկատմամբ, որը դիտարկվում է։
Այդ թվում, չթաքցնենք, մենք ունենք դժվարություններ՝ կապված Հայաստանում տիրող իրավիճակի հետ, երբ մեր հայ ընկերները առաջ քաշեցին Ադրբեջանի հետ սահման ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու անհրաժեշտությունը, այնտեղ ինչ-որ կայունություն ապահովելու համար։ Եվ երևանյան գագաթնաժողովում մենք պայմանավորվեցինք նման փաստաթղթի շուրջ՝ այս առաքելության պարամետրերի շուրջ»,-ասել է Լավրովը 2022 թվականին ռուսական դիվանագիտության աշխատանքներն ամփոփող հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում և հավելել.
«Բայց դա հնարավոր չեղավ ընդունել, քանի որ հայ գործընկերները սկսեցին պնդել, որ այդ փաստաթուղթը պարունակի Ադրբեջանին խիստ դատապարտող դրույթ։ Բացատրեցինք, որ եթե խոսում ենք դատապարտման մասին, եթե խոսում ենք հռետորաբանության, դիրքորոշում ներկայացնելու մասին, ապա այստեղ յուրաքանչյուրն ազատ է անել այն, ինչ ուզում է։ Բայց եթե ուզում ենք ՀԱՊԿ առաքելություն ուղարկել, ապա, ըստ երևույթին, այն անպայման չէ որ պայմանավորված լինի արտաքին ինչ-որ նշաններով, ինչ-որ հայտարարություններով, առավել ևս կոշտ: Մենք դեռ պատրաստ ենք ՀԱՊԿ առաքելություն ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին»,-ընդգծել է նա։
«Այնուամենայնիվ, չնայած այն հանգամանքին, որ մենք դաշնակիցներ ենք, չնայած այն հանգամանքին, որ այս առաքելությունը լիովին պատրաստված է, հայկական կողմը նախընտրում է բանակցություններ վարել Եվրամիության հետ, որպեսզի այնտեղ երկարաժամկետ հիմունքներով տեղակայված լինի քաղաքացիական դիտորդների առաքելություն։
Դե, սա Ադրբեջանի հետ սահմանն է, և, հավանաբար, եթե այդ առաքելությունը տեղակայվի առանց Ադրբեջանի համաձայնության, դա կարող է ուղղակի հակաարդյունավետ լինել՝ սահմանին վստահություն ստեղծելու փոխարեն կարող է լրացուցիչ գրգռիչներ ստեղծել։ Սա օբյեկտիվ իրավիճակ է»,-հավելել է Լավրովը։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ զորավարժությունները ՀՀ-ում չանցկացնելը որևէ ձևով չի նվազեցնում Ադրբեջանի հնարավոր հարձակման հավանականությունը. Աբրահամյան
- Ես ՀԱՊԿ-ի վրա հույս դնում եմ, այլ բան է, որ ՀԱՊԿ-ը կարող է հուսախաբ անի. Փաշինյան
- ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովն ավարտվել է, բայց խոսակցությունը չի ավարտվել. Նիկոլ Փաշինյան
- Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Չեմ կարծում, որ մեր գործընկերների հետ վերջնագրերի լեզվով պետք է խոսենք
- Հայաստանում կանցկացվեն ՀԱՊԿ երկրների խաղաղապահների զորավարժանքները
- Զաս. Լաչինի միջանցքի խնդիրը ՀԱՊԿ-ի պատասխանատվության շրջանակից դուրս է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան