«Հրապարակ». Ամենավճռորոշը եղել է ՌԴ-ից եկած ազդակը, ինչից հետո հետքայլ է արվել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախի իշխանություններին մոտ կանգնած աղբյուրը որոշ մանրամասներ հաղորդեց վերջին իրադարձություններից: Իշխող մեծամասնության հետ զրույցներում նախագահ Արայիկ Հարությունյանը պարբերաբար ասել է, որ վերջին ամիսներին նոր իրավիճակ է ձևավորվել Արցախում, և քաղաքական ուժերի հարաբերակցությունն ու կառավարության կազմը չեն արտացոլում Արցախում տիրող տրամադրություններն ու չեն արտահայտում ժողովրդի տեսակետը, ուստի կարիք կա նոր կառավարություն և խորհրդարան ձևավորելու, ինչը հնարավոր է անել նոր ընտրությունների միջոցով:
Ինքը` Հարությունյանը, կրկին հավաստիացրել է, որ չի պատրաստվում մասնակցել ընտրություններին և կարծում է, որ նոր, երիտասարդ մարդիկ պետք է մասնակցեն ու իշխանություն ձևավորեն: Բայց բանն այն է, որ այս պահին նաև Ռուբեն Վարդանյանը չի կարող մասնակցել արտահերթ ընտրություններին, և հրաժարականների արդյունքում կստացվեր, որ պետք է հեռանան ե՛ւ Արայիկ Հարությունյանը, ե՛ւ Ռուբեն Վարդանյանը, ինչը, ի դեպ, ադրբեջանական կողմի իդեա-ֆիքսն է դարձել, քանի որ կարծում են, որ Վարդանյանը Ռուսաստանի ներկայացուցիչն է Արցախում:
Սկզբում Արցախի ղեկավարները մտածել են, որ կկարողանան նոր ընտրություններ կազմակերպել և իրավիճակը լիցքաթափել, սակայն ԱԺ նախագահի հայտարարությունից հետո թեման ծավալվել է, և այլ անձինք` Արցախի նախկին նախագահները, ՀՀ և ամենակարևորը` Ռուսաստանի իշխանությունները սկսել են միջամտել գործընթացին:
Ամենավճռորոշը, ըստ մեր աղբյուրի, եղել է ՌԴ-ից եկած ազդակը` Արցախի իշխանություններին ասվել է, որ խաղաղապահները չեն կարող ապահովել ընտրությունների խաղաղ և անվտանգ ընթացքը, ուստի հորդորում են ձեռնպահ մնալ նման քայլից, ինչից հետո հետքայլ է արվել:
Մեր աղբյուրը վստահեցրեց, որ ոչ մի տարաձայնություն Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի միջև չկա: Եվ վերջինս մեծ էնտուզիազմով ու հավատով է աշխատում` հույս փայփայելով, որ իր աշխատանքն արդյունք կտա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան