Գրքերի վաճառքն աճում է, ինչը պատահական չէ. Խաչիկ Վարդանյան
Վերջին տարիներին «Բուկինիստ» գրախանութներում գրքերի վաճառքի աճ է գրանցվում։ Անցյալ տարի այդ աճը կազմել է 20 տոկոսից ավելի։ «Բուկինիստ» գրախանութների տնօրեն Խաչիկ Վարդանյանը Panorama.am-ի հետ զրույցում գրանցված ցուցանիշը համարում է լավ։
Նա կարևորեց այն փաստը, որ վաճառվող հայերեն գրքերի ծավալն է աճել։
«Եթե մի քանի տարի առաջ վաճառվող գրքերի 30 տոկոսն էր կազմում հայերեն գրքեր, հիմա հասնում և անցնում է 50 տոկոսը»,- ընդգծեց Խ. Վարդանյանը։
Նա նշեց, որ ավելացել է հրատարակվող լավ գրքերի թիվը, նոր նիշաներ են լցվում, որոնք նախկինում չեն եղել։ Դրանք ոչ միայն գեղարվեստական գրքեր են, նաև գիտական, գիտամասսայական, մանկական։
Խ. Վարդանյանի ներկայացմամբ, ինչպես նախորդ տարիներին, 2022-ին ամենաշատը վաճառվել է մանկական գրականություն. «Նորմալ է ու բնական։ Թևավոր խոսք կա՝ ամենալավ ներդրումը երեխաների վրա արած ներդրումն է։
Բոլորն ուզում են իրենց երեխաներն ավելի գրագետ լինեն, կարդացած։ Ընդ որում, ոչ միայն մեզ մոտ է, այլ ամբողջ աշխարհում է մանկական գրքերի լավ վաճառքի տենդենցը, հետո արդեն՝ գեղարվեստական, օտար լեզուներ, հոգեբանություն»։
Գրախանութի տնօրենը գրքերի վաճառքի աճը պատահական չի համարում։
«Սա նշանակում է, որ մեր ժողովուրդն ավելի շատ է ուզում աճել, զարգանալ, կարդալ, հաղորդակցվել աշխարհի հետ։
Մենք գնում ենք առաջ, հնարավորինս առաջ, որպեսզի եկող սերունդերն ավելի զարգացած լինեն, ավելի բարեկեցիկ կյանքով ապրեն, ավելի շատ ճիշտ արժեքներ դավանեն, ձգտեն դավանել»,- ընդգծեց Խաչիկ Վարդանյանը։
Նրա խոսքով, թերություն չէ այն, որ որոշակի գրականության պակաս զգացվում է Հայաստանում։
«Միշտ կա գրականության պակաս, բայց դա թերություն չի։ Երբեք փոքրաթիվ բնակչություն ունեցող երկիրը չի կարող ունենալ մեծ, հագեցած գրահրատարակչական դաշտ։ Սովորաբար օգտվում են մյուս լեզուներից, մեզ համար ամենամատչելին ռուսերենն է։ Եթե փորձեն ամեն ինչ հրատարակել հայերեն, փոքր տպաքանակներ կունենան և շատ թանկ գներ, մարդկանց ձեռնտու չէ, ավելի լավ է ռուսերեն, անգլերեն կարդան»,- ասաց Խ. Վարդանյանը։
Գրքի ինդուստրայիում, ինչպես բոլոր ոլորտներում, նույնպես գնաճ է արձանագրվում։
«Գրքի ինդուստրայիում գնաճ եղավ անցյալ տարվա կեսերին, վերջերին։ Միանգամից թութղը թանկացավ։ Անընդհատ թանկացում եղել է, բայց քիչ-քիչ, որը չի նկատվում։ Բայց նույն գրքի նոր բերած խմբաքանակի գինը նախորդի համեմատ արդեն նույնը չի լինում, մի քիչ բարձր է։
Բայց դա չի ազդում մարդկանց գնողունակության վրա, մարդիկ գնում են, որովհետև եթե պետք է, գնում են»,- ասաց Բուկինիստ» գրախանութների տնօրեն Խաչիկ Վարդանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին