Ռուբեն Վարդանյան. Ես հստակ ասում եմ, որ մեր նպատակն է ունենալ անկախ Արցախ
Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն այսօր ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ պետական մարմինների ղեկավար կազմի մասնակցությամբ:
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի փոխանցմամբ, պետնախարարը նշել է, որ Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակումը պահանջում է ոչ միայն հրատապ խնդիրների վերաբերյալ որոշումների կայացում, այլև ստիպում է աշխատանքները նոր ձևով կազմակերպել, քանի որ նոր մարտահրավերներին հնարավոր է դիմակայել միայն համակարգված և թիմային աշխատանքով: Այս իրավիճակում նա առանցքային է համարել կարգապահությունն ու թափանցիկ աշխատանքը:
Ռուբեն Վարդանյանը նշել է, որ չնայած ադրբեջանական կողմն ամեն կերպ փորձում է աշխարհին ցույց տալ, թե շրջափակում չկա, սակայն երեկ ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ Գորիսից Ստեփանակերտ տեղափոխվող երեխաների հետ կապված միջադեպն ապացուցում է հակառակը. «Կատարվել է անընդունելի դեպք, որը հաստատեց, որ ճանապարհը փակ է մնում: Շուրջ վեց շաբաթ ընտանիքից բաժանված երեխաներին փորձ է արվել վերադարձնել խաղաղապահների միջոցով, բայց տեսանք, որ անգամ այս պարագայում ադրբեջանցիներն իրենց թույլ են տվել մտնել երեխաներին տեղափոխող մեքենա, նկարահանում կատարել. սա ակնհայտ ոտնձգություն է, և մեծ սթրես է եղել երեխաների համար»:
Խոսելով շրջափակման պատճառների մասին՝ պետնախարարը նշել է. «Սա քաղաքական շրջափակում է, սա միայն ճանապարհի արգելափակում չէ: Ադրբեջանի նպատակը Արցախի սուբյեկտայնությունը ոչնչացնելն է: Պայքարը գնում է սուբյեկտայնության համար»:
Պետնախարար Ռուբեն Վարդանյանը կառավարության անդամներին պարզաբանել է իրավիճակի հետ կապված իր մոտեցումները:
«Ես հստակ ասում եմ, որ մեր նպատակն է ունենալ անկախ Արցախ, որը պետք է լինի անվտանգ և զարգացած։ Դա շատ կարևոր նպատակ է, որին հասնելը շատ դժվար է։ Բայց ես դա՛ եմ համարում միակ ճանապարհը ու եկել եմ, որ միասին ամեն ինչ անենք՝ այդ նպատակին հասնելու համար,-ասել է պետնախարարը:- Հաջողության հասնելու միակ ճանապարհն այն է, որ մենք միասնական լինենք, ու ես, այո՛, աշխատելու եմ բոլոր նրանց հետ, ովքեր համաձայն են իմ սկզբունքների հետ: Հիմա մենք այնպիսի կետում ենք, որ ձախողվելու իրավունք չունենք»:
Գնահատելով ստեղծված իրավիճակը՝ նա նշել է, որ այն չափազանց բարդ է, քանի որ ճգնաժամի պայմաններում արդեն հին համակարգն ու մեխանիզմները չեն գործում և անհրաժեշտ է համարել ճգնաժամին արձագանքող ճկուն լուծումներով նոր ու ավելի արդյունավետ համակարգի ձևավորումը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև շրջափակման հետևանքով մի շարք ոլորտներում ստեղծված խնդիրներն ու այդ պայմաններում բնակչության կենսագործունեության ապահովմանն ուղղված միջոցառումները:
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Բաբայան. Մեր երեխաների համար ավելի մեծ վտանգ են ներկայացնում այն «հայերը», ովքեր փորձում են Արցախը «խոթել» Ադրբեջանի մեջ
- Աիդա Մուրադյան. Ադրբեջանի գործողությունը ոչ այլ ինչ է, քան հայ երեխաների ահաբեկում
- Ադրբեջանցի «էկոակտիվիստ» գործակալները Ստեփանակերտ վերադարձող 19 երեխայի նկատմամբ կատարել են երեխաներին ահաբեկող գործողություններ. Թաթոյան
- Ադրբեջանցիները ներխուժել են արցախցի երեխաներին տեղափոխող մեքենան. երեխաներից մեկն ուշաթափվել է. Արցախի ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան