Որքանով է իրատեսական երկնիշ տնտեսական աճը
Հայաստանում 2022-ին արձանագրված երկնիշ տնտեսական աճը հիմնականում պայմանավորված է արտաքին գործոններով։ Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
Նրա խոսքով՝ աճը միանշանակորեն կապված է ռուսական գործոնի հետ, մասնավորապես, ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով դեպի Հայաստան ներգաղթով, Ռուսաստանից ստացվող ֆինանսական հոսքերով և այլն։
«Տնտեսական աճի մեջ մեծ դերակատարություն ունեցավ այն, որ ռուսները մեր երկիր եկան թե որպես տուրիստ, թե որպես մասնագետ։ Մարդիկ ընտանիքներով ժամանակավոր տեղափոխվեցին Հայաստան, ինչը ևս դրական ազդեցություն ունեցավ տնտեսության զարգացման վրա։ Այսօր էլ տեսնում ենք, որ նրանց թիվը բավականին մեծ է, իսկ ամենակարևորն այն է, որ բավականին ինտելեկտուալ խավն է այստեղ»,- ընդգծեց Գագաիկ Մակարյանը։
Միաժամանակ տնտեսագետն ասաց, որ 2022 թվականը Հայաստանի համար բավակաին հաջող տարի էր, քանի որ տնտեսությունը կարողացավ բուժվել կորոնավիրուսի հետևանքներից, ինչպես նաև վերականգնել պատերազմի բացասական հետևանքներն ու տրամադրությունները։
Հաջողություններից մեկն այն է, որ իրականացվել են տնտեսության ակտիվացմանն ուղղված ծրագրեր՝ հատկապես շինարարության ոլորտում։ Ըստ Գագիկ Մակարյանի՝ ոչ միայն մասնավոր հատվածը, այլև պետությունը տարբեր տենդերների միջոցով մեծածավալ շինարարություն է իրականացրել, ինչը նշանակում է, որ կապիտալ ծախսերն էականորեն խթանել են տնտեսական աճը։
«Մեր հաշվարկներով շինարարության ոլորտում 15 հազար լրացուցիչ աշխատող է մտել»,- նշեց նա։
Խոսելով աշխատատեղերի մասին, Գագիկ Մակարյանը նկատեց, որ թեև իշխանությունները պարբերաբար հայտարարում են՝ աշխատատեղերն ավելացել են, սակայն մոտ 100 հազարը վերաբերում է գործողներին, որոնք ստվերից օրինական դաշտ են բերվել։
Խնդիրներից առանձնացրեց այն, որ պետական աջակցությունը տարբեր ոլորտներում կիսատ-պռատ է, մասնավորապես, ՏՏ ոլորտին, արտահանողներին, գյուղմթերք վերամշակողներին տրամադրվող պետական աջակցությունը լիարժեք չէ։ Գագիկ Մակարյանը հայտնեց, որ օրինակ, գրեթե մեկ տարի է դադարեցվել են ՓՄՁ աջակցության ծրագրերը, և կոչ է անում Էկոնոմիկայի նախարարությանը դրանք վերականգնել։
Ինչ վերաբերում է գյուղատնտեսության ոլորտին, միության նախագահն ասաց, որ այն շատ վատ վիճակում է, թեև դեռ չկա պարենային անվտանգության խնդիր, բայց կարող է լինել։ «Ջրային ռեսուրսների ոչ արդյունավետ օգտագործումը, հին տեխնոլոգիաներով գյուղմթերքի մշակումը, քիմիկատների, պարարտանյութերի և այլ հնարավորությունների թույլ օգտագործումը, ցածր ունակությունները ցույց են տալիս, որ գյուղոլորտը մնում է խոցելի։ Ուստի պետք է օր առաջ հետևողական աշխատանք տանել»,- նշեց Գագիկ Մակարյանը։
Անդրադառնալով արտաքին առևտրին, նա նկատեց, որ թեև 2022 թ-ին ԵԱՏՄ երկրների հետ փոխադարձ առևտուրն աճել է, բայց դա ևս կապված է ռուս-ուկրաինական պատերազմով։
«Հայաստանն ունի լավ ցուցնիշներ, բայց, կարծես թե, ԵԱՏՄ-ում զարգանալու հնարավորությունները սահմանափակված են։ Պետք է ընդլայնել Հայաստանի տնտեսական համագործակցությունը այլ երկրների հետ, սակայն այս ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում, ավելին, շարունակում ենք աշխատել նույն երկրների հետ, ինչ նախկինում»,- ընդգծեց Գագիկ Մակարյանը։
Նրա խոսքով՝ կրթական համակարգի դերը տնտեսության զարգացման գործընթացում ևս շատ կարևոր է, բայց այստեղ ևս լուրջ խնդիրներ կան։ Ըստ նրա՝ կրթական համակարգը չի սպասարկում տնտեսությանը, աշխատուժի դեֆիցիտը գնալով սրվում է, ավելին, արդեն խանգարում է ընկերությունների զարգացմանը, քանի որ ցանկանում են ներդրումներ կատարել, աշխատատեղեր բացել, մասնագետներ ընդունել, բայց, ցավոք սրտի, որակյալ մասնագետների խնդիր կա։
«Բուհերը դեռևս չեն կարողանում շուկայի պահանջներին համապատասխանող մասնագետներ պատրաստել»,- ասաց Գագիկ Մակարյանը։
Խոսելով գնաճից՝ նա նշեց, որ տնտեսական արհեստական աճին նպաստել է նաև գնաճը։ Ըստ նրա՝ իրական տնտեսական աճը մոտ 5% է։
«Մենք պետք է մտածենք ավելի մեծ տնտեսական աճի մասին՝ 25-26%։ Մեր երկիրն այդ պոտենցիալն ունի, եթե կառավարությունում լինեն բանիմաց մարդիկ, ապա կարող ենք հասնել այդ ցուցանիշին»,- ընդգծեց Գագիկ Մակարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Որևէ երկրում նման բան չեք տեսնի՝ տնտեսական երկնիշ աճի կողքին ունենալ երկնիշ աղքատության աճ. Մանասերյան
- 2023թ բյուջեով գիտության ֆինանսավորումը գրեթե 6 անգամ զիջում է ոստիկանությանը տարմադրած ծախսերին. Թաթուլ Մանասերյան
- Առանց սահմանային անվտանգության՝ սոցիալ-տնտեսական քաղաքականություն անհնար է իրականացնել. Սուրեն Պարսյան