Ահաբեկիչներին հատուկ վարքագիծ ցուցաբերող «էկո-ակտիվիստները» հոգեբանական բռնություն են գործադրել երևեխաների նկատմամբ. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը մեկնաբանություն է տարածել հունվարի 17-ին Ադրբեջանի կողմից հայ երեխաներին հոգեբանական ահաբեկման ենթարկելու և իրավունքները խախտելու վերաբերյալ.
«Ցնցված ենք հունվարի 17-ին Լեռնային Ղարաբաղ վերադարձող, Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով շուրջ 40 օր իրենց ծնողական խնամքից զրկված և ընտանիքներից բաժանված երեխաների նկատմամբ ադրբեջանական կողմի ցուցաբերած անթույլատրելի վերաբերմունքից։
Ինչպես ակնհայտորեն երևում է հենց ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութերում, ահաբեկիչներին հատուկ վարքագիծ ցուցաբերող «էկո-ակտիվիստները» կանգնեցրել են Լաչինի միջանցքով երեխաներին տուն՝ Լեռնային Ղարաբաղ տեղափոխող փոխադրամիջոցը, ցուցադրաբար բղավոցներ են հնչեցրել, դիմակավորված ներխուժել փոխադրամիջոց, անօրինական կերպով տեսանկարահանել երեխաներին և հոգեբանական բռնություն գործադրել նրանց նկատմամբ: Այս ամենի հետևանքով երեխաները ենթարկվել են հոգեբանական ահաբեկման, նրանցից մեկն ուշաթափվել է։
Ադրբեջանական կողմի այս գործողություններն այդ երկրում պետական մակարդակով իրականացվող հայության նկատմամբ ատելության և թշնամանքի, Լեռնային Ղարաբաղի հայությանը տեղահանելու քաղաքականության վառ օրինակներից են, որը հասնում է անգամ երեխաներին թիրախավորելու մակարդակի։ Նմանօրինակ վարքը որևէ արդարացում չունի թե՛ միջազգային իրավական, թե՛ մարդկային-բարոյական հարթությունում:
Երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններն ու կառույցները, քաղաքակիրթ մարդկության ներկայացուցիչները պետք է հստակ գնահատական տան ադրբեջանական կողմի այս արգահատելի գործելակերպին` նմանօրինակ նոր դեպքեր թույլ չտալու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Ականատեսները պատմում են՝ ինչպես են ադրբեջանցիները ներխուժել են արցախցի երեխաների մեքենան
- ՄԻՊ. Էթնիկ ատելության հիմքով հայ երեխաների կանխամտածված թիրախավորման փաստ է
- Դավիթ Բաբայան. Մեր երեխաների համար ավելի մեծ վտանգ են ներկայացնում այն «հայերը», ովքեր փորձում են Արցախը «խոթել» Ադրբեջանի մեջ
- Աիդա Մուրադյան. Ադրբեջանի գործողությունը ոչ այլ ինչ է, քան հայ երեխաների ահաբեկում
- Պետությունը պետք է ձեռնարկի բոլոր միջոցները՝ երաշխավորելու համար երեխայի պաշտպանությունը բռնությունից՝ անկախ բռնության դրսևորման ձևից
- «Ադրբեջանի կառավարության գործակալները խախտել են Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի անկյունաքարային դրույթները»
- Ադրբեջանցի «էկոակտիվիստ» գործակալները Ստեփանակերտ վերադարձող 19 երեխայի նկատմամբ կատարել են երեխաներին ահաբեկող գործողություններ. Թաթոյան
- Ադրբեջանցիները ներխուժել են արցախցի երեխաներին տեղափոխող մեքենան. երեխաներից մեկն ուշաթափվել է. Արցախի ՄԻՊ
- Հայաստանում մնացած արցախցի 16 երեխա վերադարձել է Արցախ