Եվրախորհրդարանը սեպտեմբերի Ադրբեջանի ագրեսիան գնահատել է որպես զինադադարի խախտում. Փաշինյան
«Զեկույցը խստորեն դատապարտում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի 2022 թվականի սեպտեմբերի ագրեսիան, որը գնահատվել է որպես զինադադարի խախտում և խաղաղության գործընթացի համար լուրջ բացասական հետևանքներ ունեցող ակցիա»,-անդրադառնալով Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանի ընթացքում հունվարի 18-ին կայացած քվեարկությամբ ընդունված «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության իրականացում» 2022 թվականի տարեկան զեկույցին՝ կառավարության այսօրվա նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ Եվրախորհրդարանն վերահաստատել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է լիարժեքորեն հարգվի, և կոչ է արել ադրբեջանական իշխանություններին՝ անմիջապես դուրս բերել զորքերը Հայաստանի բոլոր տարածքներից:
Ընթերցելով բանաձևը՝ Փաշինյանն ասաց, որ եվրոպական խորհրդարանի պատգամավորները համոզմունք են հայտնում, որ ռազմական միջոցներով Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնել հնարավոր չէ և պահանջվում է համապարփակ քաղաքական կարգավորում միջազգային իրավունքի ՝ ՄԱԿ-ի կանոնադրության, ԵԱՀԿ 1975 թվականի Հելսինկյան եզրափակիչ ակտին, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ 2009 թվականի հիմնարար տարածքային ամբողջականության ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքների համապատասխան:
«Մտահոգություն է արտահայտում Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց նկատմամբ պատերազմական հանցագործությունների և անմարդկային վերաբերմունքի կապակցությամբ և կոչ է անում ադրբեջանական իշխանություններին՝ ազատել իրենց հսկողության տակ գտնվող ռազմագերիներին:
Ընդգծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագիրը պետք է հասցեագրի հակամարտության արմատական պատճառները, ներառյալ ԼՂ-ում ապրող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, տեղահանված անձանց ու փախստականների վերադարձը: Մշակութային, կրոնական ու պատմական ժառանգության պաշտպանությունն ու պահպանումը, ինչպես նաև տարածքային ամբողջականությունը:
Ողջունում է Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայումը և կոչ է անում ԵՄ խորհրդին՝ ընդլայնել տեղակայված փորձագետների քանակը, ավելացնել առաքելության կարողությունները, ամրապնդել ներկայությունը տարածաշրջանում»,-բանաձևը ընթերցեց Փաշինյանը:
Զեկույցում նաև ասվում է, որ խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, որը 2020 թվականի եռակողմ հայտարարության խախտում է, քանի որ այն կարող է ստեղծել կանխամտածված մարդասիրական ճգնաժամ ԼՂ ժողովրդի համար, պահանջվում է Ադրբեջանի իշխանություններից անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը:
«Եվրախորհրդարանը հիշեցնում է, որ միայն դիվանագիտական միջոցներով է հնարավոր հասնել արդար և տևական կարգավորման հօգուտ Հայաստանի և Ադրբեջանի բնակչության»,-հայտնեց ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը՝ տեղեկացնելով որ փաստաթուղթն ընդունվել է 407 կողմ, 92 դեմ, 142 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Նա կարևորեց փաստաթուղթով օբյեկտիվ իրականությունը ներկայացնելու փաստը և շնորհակալություն հայտնեց Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին, ՀՀ գործընկերներին, որոնք հետևողական աշխատել են օբյեկտիվ տեղեկատվությունը Եվրախորհրդիարանի պատգամավորներին հասցնելու ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքացիները պահանջում են Պապիկյանի հրաժարականը
- Պաշտոնից ազատվել է նաև ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության պետը. Սուրեն Պապիկյան
- Ինքնապաշտպանական բնազդով 5 լիտրանոց բենզինով տարան շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ. Նիկոլ Փաշինյան
- Եվրախորհրդարանը պահանջում է անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը. «Արմենպրես»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան