Կանանց բռնցքամարտի հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի մայրաքաղաքի Օլիմպավանում
Հունվարի վերջին տասնօրյակին Հայաստանի կանանց բռնցքամարտի հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի մայրաքաղաքի Օլիմպավանում:Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը ՝ նշելով, որ հունվարի 31-ից փետրվարի 4-ն էլ տեղի կունենա Հայաստանի առաջնությունը։
«Մեկշաբաթյա հանգստից հետո, դարձյալ Օլիմպավանում, թիմը ուսումնամարզական պարապմունքների կմասնակցի: Գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանն ասել է, որ առաջատարների երկրորդ հավաքին կմիանան երիտասարդականի չորս մարզուհիներ, որոնք պետք է մասնակցեն Երևանում անցկացվելիք Եվրոպայի երիտասարդական առաջնությանը:
Անելիքները շատ են, քանզի առջևում են պաշտոնական պատասխանատու մրցաշարերը: Հնդկաստանում մարտի 15-31-ը կանանց գլխավոր թիմը հանդես կգա աշխարհի առաջնությունում, իսկ հունիսին ՝ Եվրոպայի ամառային մարզական երրորդ խաղերում: Ի դեպ, Կրակովի ստուգատեսում խաղարկվելու են «Փարիզ-2024»-ի ուղեգրեր:
Վաստակաշատ գլխավոր մարզիչը հույս է հայտնել, որ նշած երեք մրցումներում հաջողությունից անմասն չեն մնա մեր մարզուհիները:Ի դեպ, հավաքների ընթացքում Ռաֆայել Մեհրաբյան, Հակոբ Մելքոնյան և Համլետ Սարգսյան եռյակին կմիանան նաև երիտասարդականի մարզիչներ Մանվել Գաբրիելյանը և Հարություն Նազարյանը»,- հայտնում են ՀԱՕԿ-ից: