Հրդեհները չեն կանխվում ծառայողական քննություններով ու շրջաբերականներով
Արցախյան երրորդ պատերազմի ավարտից ավելի քան երկու տարի անց դիրքերում շատ զինծառայողներ շարունակում են մնալ վրանների հույսին։
Ձմռան ցրտին վրանները տաքացվում են փայտի վառարաններով։ Հաշվի առնելով վրաններում, տնակներում նախկինում բռնկված հրդեհների դեպքերը, ինչի հետևանքով զինծառայողներ են վնասվածքներ ստացել, զոհվել՝ Panorama.am-ն անցած տարվա դեկտեմբերին գրավոր հարցում էր ուղարկել պաշտպանության նախարարություն՝ հարցնելով, թե անցած մեկ տարվա ընթացքում հրդեհի հետևանքով քանի՞ զինծառայող է մահացել, ստացել այրվածքներ։ Նրանցից քանի՞սն են առողջական խնդիրների հետևանքով զորացրվել։
Panorama.am-ը նաև հարցրել էր՝ այս տարի նման դեպքերից խուսափելու համար ի՞նչ քայլեր է ձեռնարկել նախարարությունը։
Նախարարությունից հրդեհի հետևանքով մահացած, տուժած զինծառայողների թվի վերաբերյալ վիճակագրություն չէին հայտնել՝ հիմնավորելով, որ ԶՈւ-ում արձանագրված ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում մահվան (զոհվելու) ելքով դեպքերի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտապես հանդես է գալիս mil.am կայքի պաշտոնական հաղորդագրությամբ։
Նշենք, որ անցած տարի հուլիսի 25-ին պաշտպանության նախարարությունը տարածել էր հաղորդագրություն, ըստ որի՝ «հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը:
Զինծառայողը նույն օրը ռեանիմոբիլով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Պայմանավորված տվյալ ախտահարման դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով և այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի հանդիպող հեռակա բարդություններով՝ զինծառայողի առողջական վիճակում դիտարկվել է վատթարացում, այն գնահատվում է ծայրահեղ ծանր»։
Հաջորդ օրը նախարարությունից գուժեցին. «Հուլիսի 26-ին, չնայած բժիշկների գործադրած բոլոր ջանքերին, մահացել է հուլիսի 17-ին Զանգեզուրի կայազորային հոսպիտալ, այնուհետև Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը»։
Հրդեհի հետևանքով վնասվածքներ ստանալու դեպքերի մասին պաշտոնական որևէ հաղորդագրություն չի եղել։
Ինչ վերաբերում է հետագայում հրդեհների կանխարգելմանն ուղղված աշխատանքերին, ՊՆ-ից պատասխանել էին.
«Հրդեհների դեպքերի կանխարգելման առնչությամբ անցկացվել են ծառայողական քննություններ՝ պարզելու դրանց պատճառահետևանքային կապերը, մեղավորների շրջանակը, ծառայության կազմակերպման և իրականացման ժամանակ տեղ գտած թերություններն ու բացթողումները, որոնց վերաբերյալ արձակվել են հրամաններ՝ դրանց կրկնությունը բացառելու համար, ինչպես նաև զորամասերի հրամանատարական կազմին տրվել են կոնկրետ հանձնարարականներ՝ նախանշելով կանխարգելիչ աշխատանքների ուղղությունները։
Ծառայողական քննությունների արդյունքներով արձակված հրամաններով մեղավոր անձինք ենթարկվել են կարգապահական պատասխանատվության։ Բացի այդ, ուղարկվել են լրացուցիչ շրջաբերականներ՝ նշելով կոնկրետ հանձնարարականներ հրդեհների դեպքերը կանխարգելելու նպատակով»։
Այսօր հայտնի դարձավ՝ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:
Հարակից հրապարակումներ`
- Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնում զինվորների մահվան պատճառ դարձած հրդեհից
- ՊՆ զորամասի կացարանում հրդեհ է բռնկվել. զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը գնահատվում է ծանր. ՊՆ
- Դիրքերում այրվածքներ ստացած զինվորը 5 ժամ օգնություն չի ստացել
- Այրվածքներ ստացած ժամկետային զինծառայողը մահացել է
- Ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով ժամկետային զինծառայողը տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն
- Ինչո՞ւ են զինծառայողներն այրվածքներ ստացել. ՊՆ-ն չի խոսում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան